Հայաստանյան ներքին զարգացումների արդյունքում այս օրերին մենք կրկին համաշխարհային ուշադրության կենտրոնում էինք: Բաղրամյանի ցույցերի հետևանքով կարելի է ասել, նոր որակական միջավայր է ձևավորվել մեր շուրջը՝ ավելի բարդ աշխարհաքաղաքակական խնդիրներով հանդերձ:

 

Այս ամենի հետ մեկտեղ վերջին շրջանում Ռուսաստանը կարծես փոխում է իր վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ: Իհարկե դա չի արվում հենց այնպես, դրան նպաստում են մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ տարածաշրջանում իսլամական ռադիկալ խմբավորումների կողմից վտանգի ավելի ռեալ դառնալը, քրդական անկախական գործընթացները, որը ստիպում է Ռուսաստանին վերաշարադրել իր դիրքորոշումը ամբողջ տարածաշրջանի նկատմամբ: Իրենց ներգործությունն են ունեցել նաև Բաղրամյան պողոտայում մի քանի օր տևած նստացույցերը:


Երեկ Ռուսաստան էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Մեդվեդևի և Աբրահամյանի քննարկման ամենակարևոր հարցերից մեկը եղել է հայկական էլեկտրացանցների ճակատագիրը: Ինչպես նաև քննարկվել է Իրան-Հայաստան երկաթուղու իրականացման հետ կապված հարցեր:

 

Իսկ Սերժ Սարգսյանը BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը: Ճանապարհը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: 


Սա կարող է շահագրգռվածություն առաջացնել միության բոլոր երկրների համար:

Ժամանակին Ռուսաստանը թերահավատորեն էր վերաբերվում այս նախագծին, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Չի բացառվում, կրկին աբխազական երկաթուղու վերաբերյալ հարցի բարձրացումը:

 

Ակնհայտ է, որ ստեղծվել է բարենպաստ իրավիճակ մեր երկրում էներգետիկ և տրանզիտային հնարավորությունները զարգացնելու համար և այստեղ պետք է ճիշտ աշխատել բոլոր կողմերի` հատկապես Ռուսաստանի հետ:

 

Վաչագան Գևորգյան