Սիրիական հակակառավարական մի քանի խմբավորումներ միավորվել են «Անսար ալ Շարիա» անվանումով նոր դաշինքի շրջանակներում. այս միավորման գլխավոր նպատակը Հալեպ քաղաքի և նահանգի վրա ամբողջական վերահսկողության հաստատումն է:
Նոր դաշինքի կազմում են Արաբական Հանրապետությունում գործող այնպիսի առանցքային հակակառավարական խմբավորումներ, ինչպիսիք են Սիրիայում «ալ Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, «Ահրար ալ Շամ» կառույցը:
Ռազմական գործողության մեկնարկն ազդարարվել է Հալեպի հյուսիս-արևմտյան Ջամիաթ ալ Զահրա շրջանի դեմ նախաձեռնված հուժկու գրոհով, որի նպատակը բանակային ստորաբաժանումների մատակարաման ճակատի ճեղքումն է:


Ըստ որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիրները Հալեպ են տեղափոխում նոր ուժեր նահանգից արևմուտք գտնվող, իրենց վերահսկողության ներքո գտնվող Իդլիբի Ղաբ Հովտից:
Ինչ խոսք, բավականաչափ բարդ է գնահատել՝ որքանով է «վճռորոշ» սիրիական հակակառավարական խմբավորումների հայտարարած հերթական գրոհը, քանի որ այդ երկրում ավելի քան 4 տարի շարունակվող հակամարտության ընթացքում Հալեպի վերջնական գրավման մասին տարբեր լրջության հայտաարություններ հնչել են բազմիցս: Նախավերջինը՝ ս.թ. ապրիլ ամսին նաև վերոնշյալ ընդդիմադիր խմբավորումների մասնակցությամբ նոր դաշինքի՝ «Հալեպի նվաճման բանակի» ստեղծումն էր, որն այդպես էլ չիրականացվեց:


Մինչդեռ հերթական գրոհի արժանահավատության մասին որոշակի հիմքեր է տալիս այն իրողությունը, որ ընդդիմադիրները բավականաչափ ամրապնդել են իրենց դիրքերը Հալեպի արևմտյան հարևան Իդլիբ նահանգում, և Հալեպի դեմ վճռորոշ գրոհի հնարավորությունը քննարկվում էր դեռևս ս.թ. մարտի վերջերին:
Քննարկվող ռազմագործողության լրջության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ շրջանում իրավիճակի թեժացմանն ուղղված քայլեր է իրականացնում նաև հակակառավարական խմբավորումների հիմնական հովանավոր հանդիսացող Թուրքիայի Հանրապետությունը:


Հալեպում սպասվող իրավիճակի վերաբերյալ պատկերն ու ռազմական գործողությունների տրամաբանությունն առավել կհստականան արդեն մոտ ապագայում ակնկալվող զարգացումների համատեքստում, բայց գրեթե կասկածից վեր է, որ Հալեպում ականատես ենք լինելու կտրուկ և շրջադարձային գործընթացների:


Կից ներկայացվող տեսանյութում մի հատված է Ջամիաթ ալ Զահրայի ռազմագործողությունից՝

 

 

Արմեն Պետրոսյան