Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիան 10 օրից ավել է, ինչ շարունակվում է, սակայն ի տարբերություն բողոքի առաջին օրերի՝ ակցիայի մասնակիցների թվաքանակը նկատելիորեն պակասել է:
Հասկանալի է, որ ՀԷՑ-ում նախատեսվող աուդիտի իրականացման պրոցեսը սպասողական տրամադրություններ է առաջացրել քաղաքացիներից շատերի մոտ, սակայն դա չի նշանակում, որ դրանով է պայմանավորված ակցիային քիչ մարդկանց մասնակցությունը:

 


Իրական պատճառները այլ են: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների՝ Ազատության հրապարակ հեռանալուց հետո Բաղրամյանում հավաքված ցուցարարներին այդպես էլ չի հաջողվում ձևավորել ակցիան կոորդինացնող լիդերներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ տպավորություն ստեղծվի, որ բողոքի ցուցը նման է մի տեղ կենտրոնացած ամբոխի, այլ ոչ թե կազմակերպված ակցիայի:

 


Մի կողմից շատերը չեն ցանկանում իրենց վրա վերցնել շարժումը ղեկավարելու պատասխանատվությունը: Մյուս կողմից որոշ ցուցարարներ փորձում են իրենց իրենց հայտարարություններով ու քայլերով ակցիան կոորդինացնողի դեր ստանձնել, սակայն հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, նրանց գործողությունները համարժեք չեն գնահատվում մյուս ցուցարարների կողմից:

 


Կան նաև առանձին անհատներ, ովքեր ամեն ինչ անում են կոորդինացնող լիդերի դերում հանդես գալու համար, բայց նրանց մոտ բացակայում են անհրաժեշտ հմտությունները՝ մարդկանց հետ շփվելու կարողություն, մարդկանց լսելու կարողություն, հռետորական ձիրք և այլն, և արդյունքում ձախողվում են:

 


Գլխավորապես առաջնորդողների բացակայության հանգամանքով է պայմանավորված, որ ցույցի ընթացքում չկա նախկին ոգևորությունը, հնչում են նույն արտահայտությունները, գրեթե նույն հայտարարությունները, ամեն անգամ միացվում են գրեթե նույն երաժշտությունները: Ակցիայի շրջանակներում որևէ թարմություն չի նկատվում, ինչը շատ հաճախ հիասթափություն է առաջացնում քաղաքացիներից շատերի մոտ:

 


Տպավորություն է ստեղծվում, որ ակցիան չի հասունացել և գտնվում է դեռևս քննարկման փուլում, քանի որ մի քանի օր է, ինչ կազմակերպվում են հանրային քննարկումներ, սակայն այդ քննարկումների արդյունքները տեսանելի չեն:

 

 

 

Վաչագան Գևորգյան