Վերջին օրերին «Ոչ թալանին» ակցիայի բազմաթիվ մասնակիցներ խոսում են ինչ-որ «հաղթանակի» մասին, ասում են «հաղթելու՛ ենք», «պայքար մինչև հաղթանակ», «հաղթանակի մոտ է» և այլն:
Կներեք, ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը և ու՞մ եք հաղթում:

 


Հաղթանակ տոնում են, օրինակ, պատերազմում. դուք և մենք ինչ-որ մեկի հետ փողոցում պատերազմու՞մ ենք. հուսամ՝ ոչ:
Հաղթանակ տոնում են նաև սեփական վախերի, բարդույթների, կարծրատիպերի նկատմամբ: Այդպիսի բան կա՞ մեր մեջ՝ համոզված եմ, որ կա:

 


Ենթադրում եմ, որ հաղթանակի մասին կոչերն ավելի շուտ ինքնաոգևորման նպատակ ունեն: Նորմալ է, բայց արդեն բառապաշարը պետք է փոխվի: Արդեն ժամանակն է, որ հանրային քննարկումները գնան ոչ թե ցանկալի նպատակներից մաքսիմալը ընտրելը, այլ՝ հնարավոր ելքերից լավագույնը գտնելը:

 


Որովհետև հանրային հավաքների ժամանակ օգտագործվող բառերը միայն բառեր չեն, դրանք ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ են, և երբ լսում եք «հաղթանակ», մեր մոտ ձևավորվում է ինչ-որ մեծ հաղթանակի ակնկալիք, հեռանկար, սպասում, հույս: Որը հետո չի իրականանում, և մարդիկ հիասթափվում են, որ չիրականացավ այն, ինչ չէր էլ կարող իրականանար, քանի որ ընդամենը անտեղի օգտագործված բառ էր, ոչ ավելի:

 

 

Մովսես Դեմիրճյան