Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քննարկումները դեռևս դադարելու միտում չունեն:
Ինչպես հիշում ենք, հոսանքի թանկացման վերաբերյալ ՀՀ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի արդյունքների պարզ դառնալը, սակագնի բարձրացման բեռը կառավարությունը կվերցնի իր ուսերին: Սա շատերի մոտ զարմանք առաջացրեց: Շատերը դժգոհ էին, քանի որ նրանց պնդմամբ, բյուջեն ձևավորվում է ժողովրդի գրպանից, հետևաբար սա խնդրի լուծում չի:
Այսօր լրագրողները հետաքրքվել են վարչապետից, թե մինչ աուդիտի ավարտն ինչ միջոցներով է կառավարությունը սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը: Վարչապետն էլ պատասխանել է. «ոչ բյուջեի հաշվին»: Իսկ ինչի հաշվին պետք է սուբսիդավորվի, գործադիրի ղեկավարն ասել է, որ կհայտարարվի հետագայում:

 

Բնականաբար այս օրերին շրջանառության մեջ էր դրվել նաև ՀԷՑ-ի ազգայնացման հարցը: Այս առիթով լրագրողները հետաքրքրվել են վարչապետից, թե ընկերության ազգայնացման վերաբերյալ քննարկումներ կան կառավարությունում, թե ոչ:
Հովիկ Աբրահամյանը նշել էր. «Չի կարող լինել, դեռ վաղ է, սպասենք քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մեր քայլը, խոսքը անպայման կասենք»:
Հ.Գ Հուլիս ամսին արդեն պարզ կդառնա, թե որ կազմակերպությունն է ՀԷՑ-ում իրականացնելու աուդիտ:

 

Արմեն Վարդանյան