Կարծում եմ՝ լավ առիթ է, որպեսզի ռուսական իշխանությունների ուշադրությունը բևեռենք Հայաստանում իրենց ընկերությունների գործելաոճին առհասարակ։ Բանն այն է, որ առնվազն երեք ընկերություն՝ «Բիլայն», «ՀԷՑ» և «Գազպրոմ Արմենիա» միլիարդավոր դրամի և ռուբլու փող են տանում մեր երկրից, հետևաբար պետք է շահագրգռված լինեն ավելի որակյալ ծառայություններ մատուցելու, քանզի մեծ գումարներ են վաստակում մեր հաշվին, բայց արի ու տես, որ ռուսական ընկերությունները նույնիսկ իրենց շարքային աշխատողների տարրական պայմանները չեն բարելավում, նույնիսկ իրենց բալանսում գտնվող շենքերն ու գույքը չեն բարեկարգում, նրանք ոչինչ չեն կառուցում ու գեղեցկացնում։

 

Վառ օրինակ է ամենահարուստ հիմնարկներից մեկի՝ «Գազպրոմի» շենքային պայմանները, գնացեք օրինակ Ավանի մասնաճյուղ՝ լրիվ սովետ է, հնամաշ գույք, սովետից մնացած աթոռներ, գնացեք «ՀԷՑ» ի մարզային գրասենյակներ…. խայտառակ վիճակ է։ Ստացվում է՝ մարդիկ մեզ դիտարկում ե՞ն որպես «կթու կով», որից միայն փող են տանում։

 

Ես բազմիցս ասել եմ՝ ոչ եղբայրական ռուս ժողովրդի, ոչ նրա իշխանությունների դեմ ոչինչ չունեմ, բայց երբ խոսում եք ինչու են Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճում, ապա խորհուրդ կտամ գալ ու տեսնել, թե ՕՐԻՆԱԿ ինչ վիճակում են ամերիկյան, ֆրանսիական ընկերությունների շենքերն ու մարդկանց վարձատրությունը և համեմատել ռուսականների հետ։ Կարծում եմ՝ հասկանալու համար բավարար փաստեր կան։

 

 

 

Զոհրապ Եգանյան