Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից մոտ 7 դրամով բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը շարունակում է մնալ քաղաքական ուժերի ու հասարակության ուշադրության կենտրոնում:
Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հնչած բացատրություններին, հայտարարություններին, սակագնի բարձրացման հիմնավորումները, այնուամենայնիվ, այն տպավորություն չեն գործում հասարակության մեծ մասի վրա:

 

Դա դեռ իր հերթին: Նկատելի է, որ քաղաքական տարբեր ուժեր, առայժմ առանձին-առանձին, ներգրավվում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման դեմ ուղղված գործընթացներում: Ահավասիկ, հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստի ընթացքում կազմակերպված բողոքի ակցիան հիմնականում ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների «ուսերին» էր:
Երեկ հայտարարություններ արեցին նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ:
Մասնավորապես ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը հայտնեց այն միտքը, որ այս օրերին լսվում է գրեթե բոլորի կողմից՝ տրանսպորտում, բակերում, տներում, սոցցանցերում, նաեւ՝ քաղաքական ամբիոններից. «Բնակիչը վճարում է, որ ՀԷՑ-ի թոփ մենեջմենտի յուրաքանչյուր անդամ ապրի շքեղ բնակարանում»:

 

Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն էլ երեկ չշրջանցեց «հոսանքահարված» թեման: Թերեւս նկատի առնելով, որ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը ԱԺ լսումներին չմասնակցելուց հետո փաստորեն արհամարհեց նաեւ ՀԾԿ հանձնաժողովը, քանզի իր ստորագրությամբ իսկ ներկայացված հայտի քննարկմանը եւս չմասնակցեց, Տ.Ուրիխանյանը խորհրդարանում առաջարկեց ՀԷՑ տնօրենին «անցանկալի անձ հայտարարել»: Ավելին՝ հիշյալ արհամարհական վերաբերմունքի համար Ե.Բիբինի նկատմամբ պետք է պետության կողմից պաշտոնական դիրքորոշում արտահայտվի, իսկ բացի այդ՝ քրեական գործ հարուցվի ՀԷՑ-ում կատարված հանցագործությունների ու ապօրինությունների համար:
Թեպետ ՀԾԿՀ որոշումը երեկ ընդունվեց հանձնաժողովի միաձայն քվեարկությամբ, բայց սակագնի բարձրացման հարցը օրակարգից դեռ մի որոշակի ժամանակ դուրս չի գա: Հավելենք, որ այսօր էլ նախատեսված է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ցույցը: Համենայն դեպս նախորդ նման ակցիային մեծ թվով մարդիկ էին արձագանքել:

 

Արդեն առիթ ունեցել ենք նախորդ հրապարկումներում նկատելու, որ այս նախաձեռնությունը որոշ նմանություններ ունի հանրային փոխադրամիջոցների ուղեվարձի թանկացման դեմ ծավալված բողոքի հետ: Այն ժամանակ էլ, ինչպես հայտնի է, թանկացման որոշումն արդեն կայացված էր, սակայն ընդհանուր դժգոհության ալիքի վրա այդ որոշումը չեղյալ հայտարարվեց:
Ամեն պարագայում, անհնար է չնկատել հասարակության մեջ խմորվող դժգոհությունը այս ամենի հետ կապված: Ողջ հարցն այն է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներն իսկապես համոզիչ չեն:
Առհասարակ, ի՞նչ են մեզ ասում: Մեզ ասում են, բացատրում են, որ սակավաջուր տարիներ են եղել, ԱԷԿ-ը նախատեսվածից ավել է կանգնել, մի խոսքով, ՀԷՑ-ն այդ միջակայքում ջերմաէլեկտրակայաններից թանկուկրակ էլեկտրաէներգիա է գնել ու համեմատաբար էժան (այսինքն՝ այդ պահին գործող սակագնով) վաճառել մեղավորներիս: Որպես հետեւանք, ՀԷՑ-ն ահագին վնաս է կրել: Ու եթե սակագինը չբարձրացվի, ապա ՀԷՑ-ը էլեկտրակայաններին չի կարող վճարել, կայանները չեն կարող էներգակիրներ գնել եւ կայանաշահագործման ծախսերը հոգալ, մի խոսքով, էներգետիկ համակարգին «տոկը կտա», պարզ ասած՝ այն կաթվածահար կլինի:
Բայց: Եկեք այս ամբողջ իրավիճակի «նոլն ու ֆազը» առանձնացնենք:

 

Սակավաջրության եւ ատոմակայանի չնախատեսված կանգառով պայմանավորված վնասների համար սակագինն արդեն բարձրացվել էր անցած անգամ: Ասում են՝ դրամն է արժեզրկվել: Բայց, միեւնույն է, չի՛ համոզում: Անգամ մի կես Վոլտ, իսկի 5 միլիամպերի չափ չի համոզում:
Ամենից առաջ. վնասներ կրող ու հսկայական պարտքեր ունեցող ընկերության տնօրենը, շատ կներեք, ինչի՞ համար է, ըստ հրապարակված լուրերի, մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստանում: Որ՝ ի՞նչ: Որ գա ու խորհրդարանում լրագրողների առաջ կանգնի ու մի հատ «Չյո...» ասի՞: Թե՞, որ պատգամավորներին արհամարհի, կամ ՀԾԿ հանձնաժողովին բանի տեղ չդնի, դեռ մի բան էլ այնպիսի նամակ գրի, որ սովորաբար արտահայտություններն ընտրող ՀԾԿՀ նախագահ Ռ.Նազարյանը շանտաժից խոսի:
Ըստ որում, մենք դեռ միայն Բիբինին գիտենք: Հապա էլցանցերի մնացյա՞լ ղեկավարները: Նրանք, ի՞նչ է, ծակ տաբատներո՞վ են շրջում, թե՞ «Զապարոժեցո՞վ»: Ու հիմա, փոխանակ իրենց գոտիները ձգեն, որպես վնասով աշխատող հիմնարկ, հակառակը, պարանն են ձգում՝ էլեկտրականություն սպառողների գրպանին ու երկրի առանց այն էլ լարված տնտեսական վիճակի վրա:
Բայց, ամենակարեւորը՝ ինչո՞ւ չեն համոզում: Կորուստների չափե՛րը: Թվում է, պարզ, տրամաբանական, կենսունակ սխեմա է. էլեկտրակայաններից բարձր լարման հոսանքն առար, փոխարկեցիր, ծախեցիր, ծախսերդ հանեցիր, դեռ տակն էլ բան մնաց: Սակայն այս դեպքում ստացվում է, որ ՀԷՑ-ը կայաններից գնում է, ասենք, 100 միավոր հոսանք ու մինչեւ այդ 100 միավորը հասցնում է մանրածախ ցանց, 10-ից 11 միավորը կորչում է: Կարճ ասած, հազիվ, մի կերպ, 100-ից 89 միավոր էլեկտրականությունն է «տեղ հասցնում»:
Ու սակագնապատ այս բոլոր խոսակցությունների, կրքոտ քննարկումների հորձանուտում գրեթե ոչինչ չի լսվում, ոչ մի մանրամասն, խելամիտ վերլուծություն, առաջարկություն կամ խոստում չի հնչում, այդ կորուստները, ասենք, մի 3-4 տոկոսով կրճատելու մասին: Ավելին, հակառակը, կորուստների որոշ ավելացման ակնարկներ են արվում:

 

Հետաքրքիր է, ՀԷՑ-ի գերբարձր աշխատավարձեր ստացող ղեկավարները փոխանակ մտածեն, թե ո՞նց անեն, որ իրենց ապրանքի կորչելու տեղը գտնեն, կորստի առաջն առնեն, առաջնահերթ ուզում են այդ «կորած» ապրանքի գինն էլ մեր գրպանից հանել: Այսինքն՝ ոչ թե ուզում են, այլ հանում են:
Ու հենց դրա համար չեն համոզում ոչ մի կերպ:

 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ