Թուրքական մամուլն ու քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են Սիրիայում քրդական պետության ստեղծման հնարավորությունը' դա ներկայացնելով որպես ԱՄՆ-ի ռազմավարության բաղկացուցիչ: Թուրքական պարբերականներից մեկը տեղեկություններ է հաղորդել օրեր առաջ կառավարությունում ուժային կառույցների մասնակցությամբ Սիրիայի հարցով կայացած հանդիպման մասին:

 

Ըստ պարբերականի' քննարկման ժամանակ առաջ է քաշվել այն մոտեցումը, որ ԱՄՆ-ն, աջակցելով Սիրիայի քրդական պաշտպանական ուժերին, դնում է քրդական պետության հիմքերը: Չի շրջանցվել նաև Թալ-Աբյադի վերահսկողությունից հետո ՔԲԿ-ի' ակտիվորեն Թուրքիա թափանցելու և Թուրքիայում ներքին ճակատ բացելուն ուղղված հավանականությունը, քանի որ քրդերի ներգրավմամբ Սիրիայի և Իրաքի հյուսիսում ձևավորվում է «Հյուսիսային միջանցք»: Խոսվել է նաև Սիրիայի հյուսիսում 50 կմ խորությամբ անվտանգության գոտու անհրաժեշտության մասին' առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի առարկությունները:

 


Իրականում քրդերի կողմից Թալ-Աբյադ բնակավայրի գրավումից հետո Անկարան անհանգստացած է, ինչի մասին բարձրաձայնել էր Էրդողանը: Նախօրեին էլ նախագահական նստավայրում է այդ հարցով խորհրդակցություն կայացել: Իշխանական «Սաբահ» պարբերականն էլ գրել էր, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան աջակցում են քրդական պետության ստեղծմանը' ընդդեմ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների:
Թուրք հայտնի լրագրողներից Ջենգիզ Չանդարը սիրիական վերջին զարգացումների մասին շատ լավ էր գրել' նշելով, որ Թալ-Աբյադը Էրդողան-Դավութօղլու զույգի սիրիական քաղաքականության պարտությունն ու հետևանքն է...

 

 

Լևոն Հովսեփյան