Պետության գործը հանրայինն է: Պետությունը պարտավոր է զբաղվել հանրային երևույթների և գործընթացների կարգավորմամբ:

 

Իսկ ազգայինը արդեն ոչ թե պետության, այլ մեր՝ անհատների, գործն է, և դրանով իսկ դառնում է ճաշակի, նախասիրության, հետաքրքրության, և իհարկե պատասխանատվության հարց:
Պետությունը կարող է մարդուց պահանջել ապրել որպես բարեխիղճ քաղաքացի, բայց չի կարող պարտադրել մարդուն ապրել որպես բարեպաշտ հայ: Դա պետության գործը չէ, քանի որ հանրային չէ, այլ՝ անձնական:
Երբ ասում ենք, որ ուզում ենք ազգային պետություն ունենալ, իրականում ասում ենք, որ մենք ուզում ենք ազգայինը դարձնել հանրային: Հայկական իրականության մեջ դարերով, պետության բացակայության պայմաններում, հենց այդ ազգայինը փոխարենել էր իրենով հանրայինը, ազգայինն էր (ոչ թե քաղաքացիականն ու իրավականը) պայմանավորում հանրայինը: Եվ մինչև այսօր մենք կրում ենք այդ միտումը որպես իներցիա և պատմական հիշողություն:

 

Իսկ պետությունն իրականում պետք է և թող զբաղվի հանրային՝ սոցիալական երևույթների կարգավորմամբ: Եթե դա էլ անի՝ գոհ ու շնորհակալ կլինենք:
Վտանգավոր է ազգային պետություն ցանկանալը, եթե լավ չես պատկերացնում, թե «ազգ» ասածի տակ տվյալ դեպքում ով է հանդես գալիս՝ Հայաստանում ապրող հայե՞րը միայն, թե՞ Հայաստանի հայերը և ազգային փոքրամասնությունները միասին, ամբողջ աշխարհում ապրող հայե՞րը, թե՞ միայն ՀՀ քաղաքացիները...

Մովսես Դեմիրճյան