Հայաստանի և Արցախի Զինված ուժերի ղեկավարներ Ս. Օհանյանին և Մ. Հակոբյանին
Պարոնայք գեներալներ
Պաշտպանության բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում ձեր կողմից՝ ավելի կայուն ու թափանցիկ հիմքերի վրա դրվում բանակ-հասարակություն կապը:
Անշուշտ, Պաշտապանության բանակի վերահսոկղությունը հասարակության կողմից ավելի արդյունավետ է դարձնում զինված ուժերում հոռի երևույթների դեմ պայքարը, միևնույն ժամանակ՝ դրական ազդեցություն ունենում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:

 


Ինչ խոսք, ժողովրդավարության ուղին բռնած երկրի համար բնական է պաշտպանության բանակի քաղաքացիական վերահսկողությունը , ինչը նաև ապահովում է մեր Հայրենիքի անվտանգության ու ապահովության գործում հանրության ներգրավվածության բարձր աստիճան:
Բնական է նաև բանակի նկատմամբ հանրության կողմից բարձր հետաքրքրվածությունը, ինչպես նաև, բանակի խնդիրների նկատմամբ նրա զգայուն արձագանքը:
Այսքանով հանդերձ, ողջունելով հասարակական կառույցների, տարբեր միավորումների, ԶԼՄ-երի հետ ձեր համագործակցությունը, մտահոգիչ է դառնում մի խնդիր, որի մասին սոցիալական ցանցում պարբերաբար ահազանգում եմ:
Մենք, կարծես թե մոռանում ենք, որ ապրում ենք պատերազմի իրական վտանգի տակ, իսկ թշնամին վերացական չէ, այլ հարևանությամբ՝ մեր ծոծրակին շնչող:

 


Այո, տարածաշրջանում ամենառազմունակ ու կանոնավոր բանակի ՝ Հայոց ԶՈՒ շնորհիվ պահպանվում է խաղաղություն:
Այո, թշնամին քաջ գիտակցում է, որ գործ ունի հզոր բանակի հետ, որին պարտության մատնելն անիրական ու իր ուժերից վեր ռազմական խնդիր է:
Այո, մենք պետք է ի ցույց դնենք մեր ռազմական ուժը, հզոր սպառազինությունը...
Սակայն, ցավալիորեն պետք է փաստենք, որ բանակի դռները բացել ենք նաև թշնամու առջև ու կամահոժար ձևով թշնամուն ենք ներկայացնում ոչ միայն մեր հարձակողական զենքը, այլ նաև մատչելի ու մանրամասն բացատրում պաշտպանական մարտավարության գաղտնիքները:
Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում տարածված նյութերից ու լուսանկարներից, որ նպատակ ունենք թշնամուն բացատրել, հուշել, թե հետախուզաներթափանցման ինչպիսի մարտավարություն կիրառի, որին մենք կլինենք անպատրաստ ու խոցելի:

 


Պարոնայք գեներալներ
Երկար տարիներ մարտական դիրքերում զինվորի անվտանգության երաշխիքի բարձրացման հարցը հրատապ հարցերի գլխավերևում էր: Կարելի է ասել, քսան երկար տարիներ անլուծելի թվացող խնդրում լուրջ առաջընթաց է կատարվել միայն վերջերս:
Առաջնագծում տեղական արտադրության տեխնիկան զինվորի խոցելիությունը բացառելի է դարձրել:
Կտրուկ շրջադարձ է կատարվել նաև թշնամու գործողությունները հսկելու և դրանք կասեցնելու ուղղությամբ:
Սակայն, քանի՞ գրոշ արժե այդ ամենը, եթե թշնամին առանց ջանք գործադրելու, կարողանում է տիրապետել ամբողջ ինֆորմացիային:

 


Ի՞նչ իմաստ ունի նոր տեխնիկա, սպառազինություն ձեռք բերել կամ մարտավարություն մշակել, եթե պիտի ինքներս հրապարակենք այն, ինչը պետք է ըստ էության գաղտնի կնիքով փականի տակ մնա, ինչին պետք է տիրապետեն միայն ռազմական գործիչները, ռազմական խնդիր կատարողներն ու ստրատեգները :
Ինչո՞ւ պետք է բանակ-հասարակություն կապը դրսևորվի ռազմական գաղտնիքների բացահայտմամբ:
Այո, գուցե ,,Ռազմական գաղտնիք,, հասկացությունը իրավական այլ սահմանում ունի, սակայն, որպես շարքային քաղաքացի, որ ոչ մեկ անգամ է եղել մարտական դիրքերում և քիչ չէ տեղեկացված բանակի մասին, համոզված եմ, որ ռազմական գաղտնիք է ցանկացած տեղեկություն, որի բացահայտումը խոցելի է դարձնում զինվորին:

 


Պարոնայք գեներալներ
Ժողովրդավարության կեղծ սկզբուքներին գերի գնալով մենք բարդացնում ենք մեր խնդիրները
Մենք ոչ մի զուգահեռ չենք կարող տանել ժողովրդավար այն երկրների հետ, որոնց հարևանը արյունարբու թշնամի չէ:
Եթե քաղաքացիական կյանքում դա ինչ որ տեղ ներելի է, ապա պաշտպանության բանակում անդառնալի ու ճակատագրական ելքի կարող է բերել:
Ուստի և, համոզված լինելով, որ իմ մտահոգությունը կիսում են հազարավոր քաղաքացիներ, առաջին հերթին ծնողներ, որոնց զավակներն այս պահին կանգնած են անվտանգության երաշխիքի սահմանին՝
կոչ եմ անում.

 


Ներողամիտ չլինել առանձին կայքերի ու հեղինակների ամբիցիաների հանդեպ, որոնց համար ռազմական նյութերի հրապարակումը միայն լրատվամիջոցի կամ անձի հեղինակության բարձրացմանն է ուղղված.
Ռազմական լրատվությամբ զբաղվելու թույլտվության հարցում ցուցաբերել խստապահանջ ընտրություն.
Խիստ վերահսկողության տակ առնել ռազմական նյութերի հրապարակումը, այսպիսով բացառելով մեզ՝ առաջին հերթին, մարտական հերթապահության կանգնած զինվորի համար վտանգը մեծացնող ինֆորմացիայի արտահոսքը:
Ի վերջո, եկեք չմոռանանք, որ, փաստացի ռազմական դրության, անկայուն զինադադարի պայմաններում ենք ապրում, որը մեզանից պահանջում է մշտական աչալրջություն, առաջին հերթին՝ անվտանգության հարցերում:

 

 

 

Բելլա Լալայան