Ըստ մանիքեականության' աշխարհում չարը և բարին (կամ լավն ու վատը, դրականը և բացասականը և այլն) հավասարակշռված են: Այսինքն' որքան կա բարիք կամ որևէ լուսավոր բան, այնքան էլ կա չարիք կամ ստվերոտ մի բան: Ու աշխարհն էլ այդ լուսավորի և ստվերայինի ներդաշնակ համակեցության արդյունքն է:
Հիմա Հայաստանում գրեթե բոլորը որպես հասարակության քաղաքական, սոցիալական և տնտեսական կազմակերպման նախապատվելի մոդել դիտում են Եվրոպան և կյանքի կազմակերպման եվրոպական տարբերակը:

 

Բայց ժամանակակից Եվրոպան իր գիտակցության ժամանակակից վիճակին հասել է բազում զոհողությունների, արյան, ամպստամբությունների, պատերազմների միջոցով: Մտածողության և աշխարհայացքի փոփոխությունը իրականում շատ ցավոտ է լինում, լինում է սահմանային վիճակներում: Հնարավոր չէ միայն սեմինարների, դասախոսությունների, թրեյնինգների և այլ սիրուն ու պուպուշ մեթոդներով մտածողության և աշխարհայացքի փոփոխության հասնել: Այդ փոփոխությունները հնարավոր են միայն սահմանային վիճակներում: Սակայն այլ հարց է, թե մենք պատրաստ ենք մեզ միակ հայտնի և միակ հնարավոր գոյության գնով' կյանքի կամ կյանքի իմիտացիայի գնով վճարել ապագայի կյանքի որևիցե կերպով կազմակերպման համար:

 

Հայաստանը փիլիսոփայության համար շատ հետաքրքիր և չուսումնասիրված աշխարհայացքային վիճակում գտնվող երկիր է: Այս առումով մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք օրինակ Ճապոնիայի, քան թե Եվրոպայի հետ: Մենք մի վիճակում ենք, որտեղ հետարդիականությունը, արդիականության փուլը չվերապրած, խառնված է մինչարդիականության, ավանդականության հետ(սա փիլիսոփայությամբ զբաղվողների համար): Ոմանք մեր վիճակը կոչում են արխամոդեռնի հասարակություն:

 

Լևոն Բաբաջանյան