Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը' Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

 

Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը' Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:
451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով, ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:

 

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին եւ Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ
Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը /հիմնականում կազմված ղարաբաղցիներից/ եւ կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը' 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին եւ հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին' զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած' նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

 

 

Դանիել բեկ Փիրումյան

 

Հովհաննես Բաղրամյան

 

Հովհաննես Քաջազնունի


Մովսես Սիլիկյան


Պողոս Բեկ Փիրումյան

 

Ջահանգիր Աղա



Գագիկ Մկրտչյան