Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ ծնելիությունը բարձր տոկոս չի կազմում և կանխատեսելի է, որ ծնելիության նվազման խնդիրը պետք է լինի պետության մշտական հոգացության կարիք ունեցող խնդիրներից մեկը, հատկապես այն պարագայում, երբ որ երկրում բնական աճի վրա ազդում է նաև արտագաղթի գործոնը:
Ինչպես ասում են ինչքան բարձր լինի երկրում ծնելիության մակարդակը, այնքան հզոր կլինի մեր պետությունը, քանի որ Հայաստանի համար դեմոգրաֆիկական խնդրի լուծումը արդեն իսկ ռազմավարական նշանակություն ունի:

 


Հենց սրանով է պայմանավորված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունումը: Նախագծի նպատակն է սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

 


Բանն այն է, որ Հայաստանում առկա է անպտղության բարձր ցուցանիշ, ինչը մեծապես բացասական է ազդում երկրի ծնելիության ցուցանիշների վրա: 2011թ. ՀՀ-ում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն, 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%: Ըստ իրականացված հաշվարկների զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8%:

 


Հարկ է նշել, որ անպտղության բուժումը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսատար է և ունի շատ բարձր արժեք, ինչն այդ ծառայություններից օգտվելն անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար:

 

Ուստի նոր նախագծի համաձայն անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը մատչելի կդառնա բնակչության համար, ինչի արդյունքում Հայաստանում ավելի շատ երեխաներ կծնվեն:
Հույս ունենանք, որ երկրի ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված պետության քայլերը, սրանով ոչ միայն չեն ավարտվի, այլև նոր թափ կստանան:

 

 

Նարեկ Պողոսյան