Հերթական պայթյունը գզալցակայանում: Չորս մարդ վիրավոր է, նրանցից մեկի վիճակը ծանր է: Հերթական մեքենայի լիցքավորումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ: Գազալցակայանների սեփականատերերը, բացի գումար վաստակելուց, երբեմն պետք է մտածեն տեխնիկական անվտանգության ապահովման մասին: Թեպետ գազալցակայաններում լիցքավորման պահին վարորդներին կամ ուղևորներին արգելվում է մոտենալ մեքենային, սակայն սա բավարար միջոց չէ տարածքում գտնվողների անվտանգության ապահովման համար:

 

 

Անվտանգության կանոնների խախտումների արդյունքում առաջացած պայթյունները նվազագույնը տեխնիկական վնաս են հասցնում գազալցակայանի կամ լիցքավորվող մեքենայի սեփականատիրոջը, բայց լինում են դեպքեր, երբ դրանք նաև ավարտվում են մահվան ելքով, ինչպես եղավ վերջերս Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Գազալցակայանի աշխատակցի վնասվածքներն այնքան լուրջ էին, որ հիվանդանոցի ճանապարհին մահացավ:

 

 

Վերջին պայթյունը տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտին) պատկանող լցակայանում: Վիրավորների թվում են Հակոբյանի որդին ու եղբորորդին: Ըստ տեղեկությունների`Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, եղբորորդու վիճակը` ծայրահեղ ծանր:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադաձել է գազալցակայնների պայթյունների միջադեպերին: Հ. Աբրահամյանը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ ուսումնասիրություններ են եղել: Ա.Երիցյանն ասել է, որ գազալցակայանում վեց ամիս առաջ տեղի ունեցած ստուգումների արդյունքում բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել, մեկ մլն դրամի չափով տուգանք է նշանակվել, սակայն խախտումները չեն շտկվել:

 

 

Վարչապետը հանձնարարել է գազալցակայաններում խստացնել անվտանգության ռեժիմը:
Նախարարն էլ իր հերթին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները բոլոր գազալցակայանների հետ, որտեղ թերություններ կան: 
Եթե գազալցակայանների սեփականատերերին չեն սթափեցնում տուգանքներն ու ստուգումները, ապա հաստատ կսթափեցնի այն մտավախությունը, որ այսուհետ, թերությունները չշտկելու դեպքում, գազալցակայանները պարզապես կարող են փակվել:

 

 

 

 

 

 

Տիգրանուհի Դավթյան