Մեկ տարի՝ առանց նախագահի. Որո՞նք են լիբանանյան ճգնաժամի հիմքերը
Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի խորացող ճգնաժամային իրավիճակը ոչ միայն անընդհատ ընդլայնում է իր աշխարհագրությունն, այլև ծավալվող գործընթացներն անգամ առկա հիմնախնդիրներից ցանկացած մեկի հանգուցալուծման հարցում դրական ելքով կանխատեսումների որևէ հիմք չեն տալիս. հիմնապատճառը, թերևս, տարածաշրջանային հակամարտությունների փոխկապակցվածության և փոխազդեցության իրողությունն է:

 

Հատկապես սիրիական հակամարտությունն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել նաև այդ երկրի արևմտյան հարևան Լիբանանի վրա, որի ներքաղաքական գործընթացներում ավանդաբար վճռորոշ դերակատարություն է ունեցել սիրիական գործոնի ազդեցիկությունը:
Սիրիական ճգնաժամի խորացմանը զուգահեռ՝ Լիբանանի ներքին կյանքի գրեթե բոլոր բնագավառներում ևս առաջանում էին լրջագույն սպառնալիքներ: Շուրջ 1,5 մլն սիրիացի փախստականների առկայությունը սոցիալ-տնտեսական, մարդասիրական, առողջապահական, կրթական, անվտանգային խրթին խնդիրներ են ստեղծել ընդամենը 4,5 մլն բնակչություն ունեցող մերձավորարևելյան այս պետության համար:

 

Հարևան երկրում ահագնացող հակամարտության հետևանքով վերջին 4 տարիների ընթացքում Լիբանանի տարածքը ոչ միայն որպես տարանցիկ գոտի է ծառայել սիրիական հակակառավարական կառույցներին մարդկային և սպառազինությունների մատակարարման գործընթացի համար, այլև ուղղակի զինված բախումների թատերաբեմի է վերածվել նաև երկրի ներսում Բաշար ալ Ասադի գլխավորած վարչակարգի կողմնակիցների և հակառակորդների միջև: Արդեն տևական ժամանակ է, ինչ իրավիճակը չի մեղմվում երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում, որը բնակեցված է հիմնականում ալաուիներով (շիայական իսլամի ուղղություն, որին պատկանում է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքը) և սուննիներով, իսկ արևելքում՝ լիբանանասիրիական սահմանի մերձակայքում գտնվող Արսալ քաղաքը կարևորագույն հենակետի է վերածվել սիրիական հակակառավարական նաև իսլամական ծայրահեղ արմատական տարաբնույթ խմբավորումների զինյալների համար, ովքեր, պաշտպանվելով սիրիական բանակային ստորաբաժանումների և նրանց հարող ուժերի հարձակումներից, պարբերաբար նահանջում են այստեղ. մեկ անգամ չէ, որ քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել նաև սիրիական օդուժի կողմից:

 

Սիրիական հակամարտության շրջանակներում իշխանությունների կողմից հանդես է գալիս նաև լիբանանյան ներքաղաքական և ռազմական առանցքային դերակատարներից մեկը՝ «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպությունը, որը հատկապես ներգրավված է մայրաքաղաք Դամասկոսի մատույցներում, Հոմս նահանգի արևելյան հատվածներում, ինչպես նաև սիրիա-լիբանանյան սահմանի ողջ երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին. «Հիզբալլահի» մասնակցությունը սիրիական հակամարտությանը լրջորեն սրել է իրավիճակը նաև Լիբանանի ներքաղաքկան կյանքում. կառույցի քաղաքական ընդդիմադիրնրը պահանջում են, «Հիզբալլահը» զինաթափվի կամ նրա ստորաբաժանումները մտցվեն ազգային բանակի հրամանատարության տակ, ինչը կտրականապես մերժվում է վերջինի կողմից՝ նման գործողությունը բնորոշելով որպես ինքնասպանությանը հավասարազոր քայլ:

 

Վերոնշյալի համատեքստում, դեռևս 2013թ. երկրում լուրջ խնդիրներ էին առաջացել ներկայիս վարչապետ Թամամ Սալամի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորման հետ կապված, որի հանգուցալուծումը մոտ մեկ տարի պահանջեց: Արդենիսկ 2 անգամ երկարաձգվել է Լիբանանի խորհրդարանի գործողության ժամկետը, իսկ մայիսի 26-ին լրացավ 1 տարին, ինչ թափուր է երկրի նախագահի պաշտոնը՝ արդեն նախկին նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման վեցամյա միակ ժամկետի ավարտից հետո. լիբանանյան քաղաքական ուժերը որևէ կերպ չեն կարողանում փոխզիջման գալ նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Դեռևս 2014 թ. ապրիլի 23-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում որևէ արդյունք չարձանագրվելուց հետո, երկրորդ փուլի արդեն 24 անհաջող փորձ է կատարվել:

 

Լիբանանյան ներքաղաքական հիմնախնդիրների մասին խոսելիս՝ կարևոր է դիտարկել այդ երկրի պետական կառուցվածքի առանձնահատկությունները, որոնք հիմնված են կրոնադավանական հենքի վրա: Մերձավոր Արևելքում ամենամեծ կրոնադավանական խմբեր (իսլամի և քրիստոնեության մոտ երկու տասնյակ ուղղություններ) ունեցող այս պետության առանցքային պաշտոնները բաշխված են հենց այդ սկզբունքի հիման վրա՝ ամրագրված դեռևս 1943թ. Ազգային պակտում, ըստ որի՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել միայն մարոնի քրիստոնյա, վարչապետը պետք է լինի սուննի մահմեդական, իսկ խորհրդարանը կարող է ղեկավարել իսլամի շիայական ուղղության ներկայացուցիչ քաղաքական գործիչը:
Ներկայում նախագահի թեկնածուի ընտրության հարցում որևէ կերպ չի հաջողվում փոխզիջման հանգել ներլիբանանյան 2 հիմնական քաղաքական կառույցների միջև՝ «Մարտի 14-ի» դաշինքի, որում առանցքային դերակատարություն ունի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի «Ալ Մուստակբալ» շարժումը, և «Մարտի 8-ի» դաշինքի, որը ներառում է Հասան Նասրալլահի գլխավորած «Հիզբալլահի» և Միշել Աունի՝ «Ազատ հայրենասիրական շարժումը»:

 

Ներլիբանանյան բանավեճի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ նաև այն է, որ ներքին խնդիրների հանգուցալուծումը, որպես կանոն, չի կարող շրջանցել ներքին դերակատարներին հովանավորող արտաքին խաղացողների շահերն ու միջամտության հնարավորությունները՝ «Մարտի 14-ի» դաշինքի դեպքում՝ դրանք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, գուցե նաև Թուրքիան, իսկ «Մարտի 8-ի» դաշինքի համար՝ Իրանը, Սիրիան, հնարավոր է՝ նաև Ռուսաստանը:
Ներկայում առկա են նախագահի 2 հիմնական թեկնածուներ՝ «Մարտի 8-ի» դաշինքի կողմից առաջադրվում է վերոհիշյալ 79 ամյա Միշել Աունի, իսկ «Մարտի 14-ի» կողմից՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ 63 ամյա Սամիր Ֆարիտ Ջաաջայի թեկնածությունը:

 

Եվ թեպետ լիբանանյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված արտաքին կոչերը որևէ կերպ չեն դադարում հնչել, իսկ ամենավերջինը Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, դանիացի դիվանագետ Սիգրիդ Կաագի շուրթերից էր, ակնհայտ է, որ այս թնջուկի հանգուցալուծումը միայն ներլիբանանյան ուժերի մասնակցությամբ՝ նրանց կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ, գրեթե անհնար է պատկերացնել՝ անգամ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում այս երկրի ապրած մոտ 15 տարի տևողությամբ արնախում քաղաքացիական պատերազմը: Իսկ արտաքին դերակատարների միջև փոխհամաձայնության կայացումը էլ ավելի խրթին է՝ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում միաժամանակ ակտիվացած մի քանի հակամարտային օջախներում նրանց ունեցած իրարամերժ բազմաշերտ շահերով և հակադիր ռազմաքաղաքկան դիրքորոշումներով:

 

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ Լիբանանում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ գնահատականներն առավել հիմնավորված կլինեն, եթե դրանք դիտարկվեն ոչ թե ժամանակային, այլ իրադարձային գործոնների համընդգրկուն վերլուծության հենքի վրա:

 

Արմեն Պետրոսյան