Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև «սկզբունքային» համաձայնություն է ձեռք բերվել սիրիական ընդդիմադիր զինյալներին օդային աջակցության ապահովման հարցում: Նա, սակայն չի մանրամասնել, թե ինչ է նշանակում օդային աջակցությունը, ինչ միջոցներով ու ինչպես պետք է այն իրականացվի:

 

Չավուշօղլուն նշել է, որ ամերիկացի ու թուրք հրահանգիչների ու սպաների մասնակցությամբ Թուրքիայում իրականացվում է Սիրիայի ընդդիմադիր զինյալների վարժեցման ծրագիրը' դեռևս փոքր խմբերով: Չավուշօղլուի այդ հայտարարությունը օդային աջակցության վերաբերյալ հերքվել է ամերիկյան կողմից' փաստելով, որ դեռևս այդ հարցում բանակցություններ են ընթանում թուրքական կողմի հետ: Թուրքիան երկար ժամանակ ամեն կերպ ցանկանում է հասնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը և անընդհատ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում:

 

Նշված օդային աջակցության ապահովման մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը կարող է առաջին քայլը լինել անվտանգության գոտու սահմանման համար, ինչին, սակայն, ԱՄՆ-ը դեռևս «տաք» չի վերաբերում:


Լևոն Հովսեփյան