Այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր և փոխգործակցությանն ուղղված պայմանագիր: Համաշխարհային այս առաջատար կազմակերպության մուտքը լուրջ հաջողություն է մեր երկրի համար՝ տեղեկատվական անվտանգության տեխնոլոգիաները ավելի բարձր մակարդակի հասցնելու, ինչպես նաև նորարարության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացում ապահովելու համար:

 


Հիշեցնենք, որ նախատեսվում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում, որը ենթադրում է մոբայլ և ամպային տեխնոլոգիաների ոլորտներում տարածաշրջանային ուժեղ կենտրոնի ձևավորում: Կարիք չկա բացատրելու, որ այս կենտրոնի գործունեությունը, որքան կնպաստի տնտեսության մեջ տարբեր ոլորտներում նորարարական ծրագրերի իրագործմանը, իսկ կրթության ոլորտում բարձր որակի մասնագետների պատրաստմանը:

 


Միաժամանակ, նախատեսվում է, որ Կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռք բերումը իրականացվելու է «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից լիազորված գործընկերներից:

 


Սա, բնականաբար ավելի կմեծացնի տեղեկատվական ծրագրերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը: Դա միաժամանակ կմեծացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը հաճախ դիտարկվում է որպես «պիրատ երկիր», անօրինական համակարգչային ծրագրերի կիրառման և անօրինական տեսաձայնագրման արտադրանքների (ֆիլմեր, համակարգչային խաղեր, համերգենր և այլն) տարածվածության առումով:

 


Եթե, իսկապես կարողանանք, լիարժեքորեն օգտվենք այս համաշխարհային գերհսկայի առաջարկած հնարավորություններից, ապա դրա արդյունքում կստեղծվեն նոր գաղափարներ, իսկ սա իր հերթին խթան կլինի, նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտների այլ հսկաների մուտքին մեր երկիր:

 

 

Վաչագան Գևորգյան