Վրաստանի ներքաղաքական կյանքը կրկին թևակոխում է լարված շրջափուլ: Տեղեկություններ են տարածվել, այն մասին, որ նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող կուսակցության 4 անդամներ լքում են կուսակցությունը: Ընդ որում, նշվում են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիա Բոկերիայի և Բնապահպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեի անունները, անձինք, ովքեր Սաակաշվիլի քաղաքական թիմի կորիզն են հանդիսանում մինչ օրս:

 


ՄԱՇ կուսակցությունից հայտնել են, որ նշվածը իրականություն է, թեև դեռևս պաշտոնապես չի հաստատվել հիշյալ կուսակիցների անդամության դադարեցումը:

 


Միևնույն ժամանակ, տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը՝ Ս. Րատիանին, հայտարարել է, որ նմանօրինակ զարգացումների գլխավոր պատճառն այն է, որ ՄԱՇ կուսակցության անդամների նկատմամբ եղել են լուրջ ճնշումներ: Թե ինչ է նկատի ունեցել Րատիանին, վերջինս չի հստակեցրել, այդուհանդերձ նա նշել է, որ շատերն այդ ճնշումներին չեն դիմացել՝ կայացնելով կուսակցությունից հեռանալու որոշում:

 


Հիշեցնենք, որ ՄԱՇ կուսակցությունը Վրաստանում իշխանության գլուխ եկավ Սաակաշվիլիի գլխավորությամբ 2003թ.-ին՝ Վարդերի հեղափոխությունից հետո՝ կառավարելով մինչև 2012թ.-ի հոկտեմբեր՝ հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղը զիջելով Բ.Իվանիշվիլիի ղեկավարած ՛՛Վրացական երազանք՛՛ դաշինքին: ՄԱՇ-ը բավական ակտիվ և լուրջ խորհրդարանական ընդդիմություն է ներկայումս Վրաստանում, և ներկուսակցական հնարավոր խնդիրները կամ պառակտումը կարող է ճակատագրական դեր խաղալ ՄԱՇ-ի հետագա գործունեության վրա:

 

 

Ալիկ Երոյանց