Վերջին ժամանակշրջանում տեղի ունեցած փոխարժեքային տատանումները, ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակը բավականին մեծ խնդիրներ էին ստեղծել ՀՀ տնտեսության մի շարք ճյուղերի համար:

 


Այս մասով հարկ է առանձնացնել գինեգործության ոլորտը: Ինչպես գիտենք, գինեգործության ավանդական շուկան հանդիսանում է Ռուսաստանը' արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Այս տարի խնդիրը մի փոքր այլ է:

 


Ինչպես նշեցինք, մի կողմից փոխարժեքի տատանումներն էին խնդիրներ առաջացրել տնտեսվարողների համար, մյուս կողմից էլ' առջևում մթերումների շրջանն է և այստեղ նույնպես կարող են որոշակի խնդիրներ ունենալ:

 


Այս հարցի շուրջ այսօր վարչապետը Պռոշյանի կոնյակի գործարանում հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության:

 


Իրենց հերթին տնտեսվարողները հնարավորթություն են ունեցել գործադիրի ղեկավարին ներկայացնել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները: Մասնավորապես վերջիններս ներկայացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

 


Ստացել ենք պատկեր, ըստ որի կառավարությունը մի կողմից փորձում է լուծել գյուղացիների մթերումների հարցը, մյուս կողմից' գինեգործների արտահանման:

 

 

Արմեն Վարդանյան