Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվել է Բելառուսի, Ղազախստանի. Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի /Եվրասիական տնտեսական միության/ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագիրը:

 


Այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, քանի որ Կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը «Օզոնային շերտի պահպանման մասին» 1985թ. մարտի 22- ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունների կատարման և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» 1987թ. սեպտեմբերի 16- ի Մոնրեայի արձանագրությունից բխող պարտավորությունների ապահովման սկզբունքներին: Դրական գնահատելով այս հանգամանքը, Բնապահպանության նախարարությունը կարևորել է նաև այն դրույթը, որ Կողմերը պետական հսկողություն են իրականացնում օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, արտադրության, օգտագործման նկատմամբ' Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 


Միևնույն ժամանակ նախագծի ուսումնասիրությամբ բացահայտվել են դրա և ՀՀ գործող իրավական ակտերի որոշ անհամապատասխանություններ, ինչը միանգամայն բնական է փոստաթղթերի մոտարկման պրակտիկայում: Այնպես որ, Բնապահպանության նախարարությունը «հանգիստ խղճով» դրական եզրակացություն է տվել' նպատակահարմար համարելով համաձայնագրի ստորագրումը: Առաջարկությանը երեկվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը:

 

 

 

Անի Սանոսյան