ԱԺ-ը ամբիոնից հաճախ հնչող արտահայտությունները և որոտընդոստ կոչերը երբեմն մարդկանց գցում են տարակարծության և այլախոհության մեջ, քանի որ որոշ պառլամենտականներ ուղղակի այն փորձում են ծառայեցնել սեփական կուսակցական դոկտրինները հանրային սեփականությանը մատուցելուն և փուչ քաղաքական «բաժնետոմսեր» հավաքելու «վեհ» գործին:

 

Այս օրերին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, ինչպես և մնացած քառօրյաներին, քաղաքական ուժերն ի ցույց են դնում իրենց մտքի գոհարներն ու բարոյական կերպարները:
Նախ հարկ է ընդգծել, որ պառլամենտում հավասարաչափության սկզբունքի պահպանումը և մարդկանց ու կուսակցություններին դասակարգելը, իհարկե, անընդունելի նորմ է, սակայն դա չի նշանակում, որ առաջ եկած որոշ իրավիճակներ պետք է դառնան համացանցային, համակայքային և համահայկական հրապարակային քննարկումների առաջնային հարց:

 

ԱԺ-ն ժողովրդի հանրային դեմքն է նրա կամարտահայտության արդյունքը և հարգանք է պահանջում: Սակայն շատ հաճախ պառլամենտը դառնում է «ջուր ծեծելու» վայր և ամենահասարակ հարցի քննարկումը վերածվում է մերձեցման երեկոյի. սկսվում է քննարկվող հարցի բազմապրոֆիլ ու բազմաբովանդակ անհեթեթ վերլուծությունների ու մտքերի մի ալիք բարձրանալ: Ասել է թե' առիթը բաց չեն թողնում ամբիոնի մոտ ևս մեկ անգամ հայտնվելու և իրենց «կառուցողական տեսակետը» ներկայացնելու համար:

 

Իրականում, պառլամենտ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «զրուցարան», որի իմաստը քննարկումների և կառուցողական բանավեճերի արդյունքում ցանկալի օրենքի և կոնսեսուսային բանաձևերի ընդունումն է, ոչ թե անհատների, մարդ-կուսակցությունների և մի կետից եկող հրամանների «իղձերն» ու «ցանկությունները» բարձրաձայնելով' բթացնել մարդկանց նյարդային համակարգը:
ՀԳ. Աբրահամ Լինքոլն. «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»:

 

Արմեն Հովասափյան