Ցավալի է, երբ ամեն անգամ լսում ենք, որ սահմանին' թշնամու գնդակից, վիրավորվել է ժամկետային զինծառայող, էլ չենք խոսում մահվան դեպքերի մասին: Շատ ժամանակ զինվորներն այնպիսի վնասվածքներ են ստանում, որ Հայաստանում բժիշկներն անզոր են լինում ինչ որ կերպ օգնելու և հարկ է լինում բուժումը շարունակել արտերկրում:

 

Այսպիսի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման համար անհրաժեշտ էր գումար: Ինչպես հիշում ենք, սկսվեց դրամահավաք, որին արձագանքեց կառավարությունը և վարչապետի գլխավորությամբ նախարարներն իրենց գրպաններից հատկացրեցին որոշակի գումար:
Այս խնդրի կարգավորման համար մշակվել է նոր նախագիծ: Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենքի նախագծին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը:

 

Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության' Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության դեպքում' զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Այսպիսով, եթե առաջնագծում զինծառայողը ստանա վիրավորում ու նրա բուժումը Հյաաստանում կլինի անհնար' պետությունը կֆինանսավորի նրա բուժումն արտերկրում:
Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում:
Կարծում եմ այս նախագիծը կարևոր էր: Բոլոր դեպքերում, սահմանում ծառայող զինվորները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում և ցանակացած խնդիր կարգավորվի օրենքով:

 

Անի Սանոսյան