Համացանցում և ԶԼՄ-ներում շարունակվում է ակտիվ քննարկվել Թուրքիայից Հայաստան ներկրված ճտերի հարցը: Ավելի քան մեկ շաբաթ գրեթե բոլորը կոչ են անոմ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ի վերջո պարզաբանել՝ Ինչպե՞ս ստացվեց, որ չնայած հրամանով արգելքը չի տարածվում մինչև ապրիլի 23-ը Թուրքիայից արտահանված մթերքի վրա (այսինքն տարածվում է ապրիլի 23-ից հետո արտահանված բոլոր մթերքների վրա), սակայն մայիսի 6-ին Հայաստան Թուրքիայից թռչուն է ներմուծվում: Ադրբեջանն արգելում է 5-ին, մենք 7-ին, արդյո՞ք սա միտումնավոր չի արվել, կոռուպցիոն պայմանավորվածություններից ելնելով: Եթե այդքան հեշտ է տարբերակել կենդանին հիվանդ է, թե առողջ, և առանց խնդիրներ ունենալու կարելի է ներկրում իրականացնել, ո՞րն էր անհրաժեշտությունն արգելք սահմանելու:

 

Բոլորը կոչ են անում, իսկ ՍԱՊԾ-ն անում է ընդամենը մեկ հայտարարություն այն մասին, որ պատրաստ է համագործակցության, բայց այդպես էլ մինչ օրս չի պատասխանում բարձրաձայնված հարցերին: Ծառայության լռությունը արժանացավ խիստ քննադատության, առանձին դեպքերում հասավ մինչև վիրավորանքների, իսկ նրանք լռում են՝ հավատարիմ մնալով իրենց հիմնական՝ «չաշխատելու» սկզբունքին:

 

Հավանաբար Ծառայությունում կարծում են, որ միևնույն թեման դժվար թե շարունակի այդքան երկար մնալ հասարակության ուշադրության կենտրոնում ,և մի օր աղմուկն ինքն իրեն կավարտվի, և ամեն ինչ կսկսի նորից, նոր մաքուր էջից: Միգուցե՝ հնարավոր է, սակայն գրանցվող դեպքերը հասել են խայտառակ մակարդակի և այս անգործությունը հատում է անգամ բարոյականության շեմը:

 

Էդգար Խաչատրյան