Այն, որ ադրբեջանական արհեստածին հանրապետության ներսում ցանկացած հասարակական-քաղաքական խմորում առանձին արձագանք է գտնում նաև այս կազմավորման սահմաններում բնակվող իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների և կովկասյան պարսիկների շրջանում, արդեն վաղուց հայտնի փաստ է:
Ուշագրավ է սակայն, որ սոցիալական ցանցերում այս անգամ նման արձագանքների առիթ էր հանդիսացել Բաքվի բնակելի շենքում հրդեհի հետ կապված և զոհերի պատճառ դարձած դժբախտ պատահարը, որը տեղաբնիկ ժողվուրդների ներկայացուցիչների կողմից մեկնաբանվել էր, որպես ալիևյան վարչակարգի ստախոսության, անգործունակության և համատարած կաշառառության ուղղակի հետևանք:

 

Մասնավորապես Ադրբեջանական Հանրապետության տարածքում անկախ իրենց կամքից հայտնված կովկասյան պարսիկները (թաթերը) նշված դժբախտ պատահարի հանգամանքը բնութագրել են որպես հերթական ապացույց առ այն, որ Բաքվի բռնապետական վարչակարգն ի զորու չէ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը նույնիսկ այդ երկրի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պատմականորեն կովկասյան պարսիկներով բնակեցված ապշերոնյան ավաններից մեկն էր, որտեղ ժամանակին թյուրքալեզուներ ուղղակի չկային:
Չափազանց հետաքրքրական էր նաև քննարկման խորագիրը՝ «Duru gufturagora xuneyi suxt heç kəs buvar ne sat», որը կովկասյան պարսկերենից թարգմանաբար նշանակում է՝ «Ստախոսի տունը այրվեց, ոչ ոք չհավատաց»:

 

Վարդան Ոսկանյան