Եվրոպական օլիմպիական խաղերի ջահը շարժվում է դեպի Բաքու, որտեղ հունիսի 12- ին բացվելու է համաեվրոպական առաջին մարզական միջոցառումը: Մինչ այդ ջահը ժամանել է Նախիջևան, ինչը ադրբեջանական կայքերից մեկին առիթ է տվել շարադրելու մարզի պատմությունը, ի ցույց դնելու տեսարժան վայրերը:

 


Շատ չերկարացնելու համար նշենք, որ ադրբեջանական տարբերակի համաձայն Նախիջևանը «պանծացրել են» «համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը»' բարեհաճելով այդտեղ ծնվել և Նուհ անունով մի առասպելական մարգարե, որը, պարզվում է, ոչ այլ ոք է, քան… աստվածաշնչյան Նոյ նահապետը: Նա' այդ Նուհը, ջրհեղեղից հետո ոչ միայն ապրել է Նախիջևանում, այլև հուղարկավորվել նույնանուն քաղաքի հին ամրոցում, մինչ այդ քրտինք թափելով այդ կողմերի աղահանքում:

 


Նուհ մարգարեի դամբարանը կառուցվել է… 2006 թվականին, հինավուրց տաճարի ավերակների տեղում: Ենթադրվում է, որ դամբարանի տարածքում են գտնվում Նուհի մասունքները:
Կայքը թվարկում է այս մարզում ծնված մի քանի մանր- մունր գործիչների ևս' երկու գրող, երկու զորահրամանատար, նույնիսկ մի ճարտարապետ և մի նկարիչ:

 


Ադրբեջանցի «մասնագետները» չարչարել են նաև «Նախիջևան» տեղանունը' մերթ այն բխեցնելով Նուհի անունից, մերթ վկայակոչելով Պտղոմեոսի /մ.թ.ա. 2- րդ դար/ «Աշխարհագրությունը», մերթ բացատրելով «նախշ» բառով'«Աշխարհի զարդ», կամ էլ «Նախճուանը» թարգմանելով իբրև «հրաշալի հանքային ջրերի կամ բուժիչ հանքային ջրերի երկիր»:

 


Եթե դուք ուզենաք հայկական որևէ հետք գտնել այս բուն հայկական տարածքը նկարագրող «ադրբեջանական» աղբյուրներում, ապա, իհարկե, չեք գտնի: Հոդվածի հեղինակները շուտասելուկի պես հայտնում են, որ Նախիջևանում կա ավելի քան 1500 պատմամշակութային հուշարձան, որից շուրջ 60- ն ունի համաշխարհային նշանակություն: Իբր մ.թ.ա. 4- րդ հազարամյակի վերջում- 2- րդ հազարամյակի սկզբում Նախիջևանում գտնվող մի շարք ծաղկուն քաղաքները կրել են… թուրքական անուններ…
Հիրավի, լեզուն ոսկոր չունի…

 

 

 

Անի Սանոսյան