Ի՞նչ է հայտնի վերջերս Իրաքի Թալաֆար քաղաքում Իսլամական պետության կողմից եզդիների զանգվածային սպանությունների մասին:

 

Առաջին անգամ մայիսի 1-ին Իրաքի պաշտոնյաներից Աթիլ ալ-Նուջայֆին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել մի քանի հարյուր եզդիների սպանության մասին, սակայն առանց կոնկրետ աղբյուր նշելու:
«Եզդիական առաջադիմական կուսակցությունը» հայտարարություն էր տարածել, որ Թալաֆարում իսլամականները կոտորել են մոտ 300 եզդիների:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հաբիբ ալ-Թարֆին հայտարարել էր Թալաֆարում իսլամականների կողմից սպանված 200 եզդիների մասին:

 

Aranews լրատվական ռեսուրսը տարածել էր մոտ 600 սպանված եզդիների մասին լուրը:
Իսկ որոշ եզդիական աղբյուրներ ավելի համեստ թվեր էին մեջբերել՝ խոսելով Թալաֆարում ԻՊ-ի զինյալների կողմից սպանված մոտ 30 եզդիների վերաբերյալ:
Չնվազեցնելով իսլամականների կողմից սպառնացող վտանգը իրաքյան էթնո-դավանաբանական փոքրամասնություններին՝ պետք է նշել, որ դեռևս վերոհիշյալ լուրերը հավաստող փաստեր չկան, և Աստված տա՝ չլինեն:

 

Ըստ իս՝ այդ տեղեկությունների տարածման նպատակներից մեկը նաև մասնավորապես իրաքյան եզդիների շրջանում խուճապ առաջացնելն է:

 

 

Սարգիս Գրիգորյան