Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից: Մատթ. 16; 24
Խաչը մեր ոտքերի տակ չէ, այլ մեր ուսերին:

 

Հովհաննես Ծործորեցին, մեկնաբանում է.« Ինչպես իշխաններն իրենց զենքը սպասավորներին են կրել տալիս մինչեւ պատերազմի դաշտ, եւ ապա իրենք են, մարմնով կրելով, մարտնչում. նույն կերպ էլ Տերը վարվեց: Նաեւ' սա պատահականություն չէր, այլ Աստված կամեցավ, որ սպասավորեն Քրիստոսի խաչելությունը. այդ պատճառով էլ գտան Ալեքսանդրի եւ Ռուփոսի հայր Սիմոնին, ով հանդից էր գալիս, եւ նա կրեց խաչափայտը, իսկ հետո Հիսուս Ինքը վերցրեց այն, ինչը նշանակում է հետեւյալը. ովքեր մարմնով խաչ են վերցնում' գնալու Նրա հետեւից, վերջում Նա, այդ խաչն Իր վրա վերցնելով, թեթեւացնում է կրողի բեռը եւ, վշտերից ազատելով, հանգիստ պարգեւում»:

 

Աստծո ամենամեծ ձեռքբերումը այն չէ, որ Նա կարողացել է մարդ ստեղծել, այլ որ կարողացել է Նրանց համար Խաչվել եւ նրանց Իր Սրտի ամբողջ ուժով սիրել: Մարդը խաչակերպ է եւ աստվածակերպ է, Աստված Սեր է, խաչը սիրո պատվիրանն է: Խաչը կողմնացույց է դեպի Սերը: Քրիստոս մարմնացավ, մարդացավ, հանձն առավ Խաչը, պարզապես, որպեսզի Իր սեփական օրինակով ապացուցի ու հավաստի, որ մարդը ծնվել է սիրելու համար Աստծուն եւ սիրվելու համար Նրանից. փոխադարձ սիրո համար: Այսօր' Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ ԱՀԹ երիտասարդաց միությունները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ արդեն երրորդ անգամ նախաձեռնել էին «Խաչի քարոզ» ծրագիրը:

 

ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները Բաղրամյան պողոտայից, բոլոր կանգառներում շուրջ 400 խաչ և մոտ 4000 խաչի թերթոններ բաժանեցին միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդներին և ուղևորներին: Երիտասարդները մեծ պատրաստակամությամբ ու գոհունակությամբ իրականացրեցին այս բավականին օգտավետ, ինչու չէ նաև ուսուցանող նախաձեռնությունը... Վարորդներից շատերը երիտասարդներին տվեցին իրենց մեքենայում կախված աչքուլունքները: Երթուղայիններում մարդիկ սիրով էին ընդունում նվերը և անգամ հորդորում նման միջոցառումներ հաճախ կազմակերպել:

 

Արթուր Հայրապետյան