Թուրքիայի նախագահ Էրդողանն իսկական քաղաքական «ապերախտություն» է դրսևորել' նախատելով ՌԴ նախագահ Պուտինին Երևանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման ու սգո պաշտոնական արարողություններին մասնակցելու և թուրքական պետության կողմից իր հայազգի հպատակների հանդեպ ցեղասպան գործողություններ իրականացնելու փաստը ճանաչելու համար: Բանն այն է, որ Պուտինի մասնակցությունն երևանյան միջոցառումներին, վստահաբար, ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններն էապես սահմանափակած շատ եվրոպական առաջնորդների ետ է պահել Երևան գալու և նախագահ Պուտինի հետ միևնույն ամբիոնից հանդես գալու մտքից:

 

Այսինքն՝ միանգամայն հավանական է, որ եթե ՌԴ նախագահը Երևան չգար, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին անհամեմատ ավելի շատ պետությունների առաջնորդներ մասնակցեին: Միայն դրա համար նախագահ Էրդողանն արդեն իսկ պետք է երախտապարտ լինի նախագահ Պուտինին: Բացի այդ, այն տպավորությունն ունեցա, որ ՌԴ նախագահը օդանավից իջնելիս շատ սառը ողջունեց պարոն Սերժ Սարգսյանին և Ֆրանսիայի նախագահ Օլանդի օրինակով չփորձեց վերջինիս խեղդել իր ջերմ և անկեղծ գրկախառնությամբ:

 

Այդ պահվածքով նա ընդգծեց, որ ՌԴ և ՀՀ գործող ղեկավարների միջև առնվազն անձնական մակարդակում որոշակի սառնություն կա, որի պատճառները դեռ պետք է բացահայտվեն: Այսպես, թե այնպես, Թուրքիայի առաջնորդը նախագահ Պուտինին հանդիմանեց մի բանի համար, որի համար պետք է որ երախտիքի խոսքեր ասեր և երեսով տվեց ուկրաինական ճգնաժամի համատեքստում ռուսական կողմի գործողությունները: Այնուամենայնիվ, թերևս, Թուրքիայի առաջնորդի պահվածքը չի կարող հարգանք չներշնչել՝ նա կարողանում է ցանկացած իրավիճակից կորզել իր երկրի համար ցանկալի օգուտները:

 

 

Արման Մելիքյան