Խորեն ավագ քահանա Խանզադյան
«Հուշեր եւ տպավորություններ 1919 թ.»
Մեծ Ղարաքիլիսա - Վանաձոր

․․․ Մայիսյան մռայլ եւ անձրեւային օր էր, երբ տաճիկները մտան Ղարաքիլիսա (թրքական բանակը Մեծ Ղարաքիլիսա մտավ 1918 թ. մայիսի 30-ին): Ինձ հրավիրեցին աղ ու հացով դիմավորել փաշային: Փողոցները կատարելապես դատարկ էին... Խորին լռության մեջ, խրոխտ, հաղթական քայլերով գլխավոր փողոցով անցնում էր տաճկական զորքը: Րոպե-րոպե սպասում էինք մեր օրհասին:

Ոգեւորված իրենց արյունակիցների գալուստից՝ շրջակա գյուղերի թուրք խուժանը, միացած ասկյարներին, սրախողխող արեց, թալանի ենթարկեց ամբողջ գյուղը: Դեռ չլուսացած՝ Վերին թաղը ձեռքից գնացել էր: Գեղածիծաղ Ղարաքիլիսան մի ահռելի սպանդանոց էր դարձել: Նալբանդյանի պատշգամբում ժողոված մարդկանց իրար կապելով՝ քշեցին-տարան «Ասլան-բեգի» փոսը եւ ոչխարի նման մորթոտեցին: Այդ սոսկալի տեսարանը կրկնվեց մի քանի անգամ: Հարյուրներով իրար կապկպում էին, գյուղից դուրս քշելով՝ սվինահար անում ու լցնում փոսերը: Շատերին մորթեցին «Պողոսի գոմեր» կոչվող վայրում... Զոհերի թիվը դժվար է ճշտել, բայց անշուշտ՝ մի քանի հազար:

 

 

Քշեցին տարան ամբողջ տավարը: Կողոպտեցին տնային բոլոր իրերը, խանութները. ամենը տարան, արժեքավոր ոչինչ չթողին: Երկաթուղու կայարանում թանկագին խալիներից, մահճակալներից, կահ-կարասիներից ահագին դեզեր էին կազմել եւ վագոններով ուղարկում էին Ղարս, Արզրում: Գյուղում մնացածները օր չկար, որ չենթարկվեին անպատվության ու անարգանքի: Ծատուրյան չքնաղ քույրերը՝ Սիրանուշն ու Արուսյակը, Աղաբաբյան ընտանիքից Վարդանուշն իր երկու քույրերի հետ, իրենց եւ հայ ընտանիքի պատիվը փրկելու համար, քամեցին թույնի բաժակը:

Անցել էր երկու շաբաթ, արեւի երես չէի տեսել. դուրս եկա մաքուր օդ շնչելու, բայց նեխած դիակների ծանր հոտը ինձ հետ մղեց: Թուրքը չմոռացավ սրբապղծել եւ Ղարաքիլիսայի եկեղեցին: Ապացուցելու համար, որ տաճիկը մնացել է նույն այլանդակ հրեշը՝ իր արտաթորությունն է թողնում սեղանի վրա, խորանի մեջ:

Տաճիկն աշնանը հեռացավ մեր չքնաղ Լոռվա աշխարհից, իր հետ տանելով ամեն-ամեն ինչ՝ զրկելով անգամ մի պատառ հացից:

Նկարում՝
Մեծ Ղարաքիլիսայի «Ժամի թաղը»

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ