Ֆրանսուա Օլանդի Հայաստան գալը հիշատակման միջոցառումների առիթով՝ պատահական չէ, Ֆրանսիայում ազդեցիկ հայկական համայնք կա: Բայց դա չէ էականը, պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները տանում են նրան, որ Ֆրանսիան բնականաբար պետք է իր շահերից ելնելով՝ ընտրեր քրիստոնյա երկրներին: Գոնե Օլանդը լավ գիտի թե ինչ ասել է իսլամիստ ահաբեկիչ, «Շարլի Էբդոյի» պատմությունը դեռ թարմ է: Նա հատուկ նշեց, թե Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց գիտի, թե ինչ է պատմության պարտավորությունը: Բայց դրանով ցանկացավ շեշտել, որ համաշխարհային քարտեզին իր երկիրն է եղանակ փոխողներից մեկը: Նա փաստացի Թուրքիային կոչ արեց, որի մեջ նաեւ հրահանգի ենթատեսքտ կար՝ Ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Թուրքիայում կարեւոր բառեր կան, որոնք հնչել են, բայց կան նաեւ այլ կարեւոր բառեր, որոնք դեռ պետք է հնչեն»,-ասաց Օլանդը: Դա նաեւ ուղերձ էր Թուրքիային կարգի հրավիրելու, թե տե՞ս քեզ կճնշենք տնտեսապես եւ ոչ միայն, եթե մեր առաջարկած խաղի կանոններով չխաղաս, տե՞ս չեկանք քո Գալիպոլիի Ֆարսին: Մերձավոր Արեւելքում կատարվածի ու Հրանտ Դինքի մասին էլ պատահական չհիշատակվեց Ֆրանսիայի նախագահի խոսքում: Ծերուկ Եվրոպան Թուրքիային մտորելու շանս է տվել: Հիմա այդ փուլն է:
Ի դեպ, Օլանդը նաեւ կոչ արեց բացել հայ-թուրքական սահմանը, եւ թափանցիկ ակնարկ արեց՝ մահմեդականներն էլ են մեղք, իրենք էլ են իսլամիստ ծայրահեղականների զոհը...
Իսկ Ամերիկայի՝ Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելը այս պահին էական չէ: Ինչպես էական չէ այդ երկրի՝ ֆինանսների նախարարով Հայաստանում ներկայանալը…

 

 

 

 

Սերժ Կանայան