Թուրքիան շարունակում է ջղաձգումներով պատասխանել Եվրախորհրդարանի և Հռոմի պապի' Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարություններին:
Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը և նշել. «Մեկնաբանություններ են անում մարդիկ կամ կառույցներ, որոնք թեմայի հետ կապ չունեն, սակայն միշտ պատրաստ են շահարկումների: Մենք մեր պատասխանը տվել ենք: Եթե Եվրոպան ցանկանում է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ապա «ատելության մթնոլորտ ստեղծող» քայլեր չպետք է անի: «Հազար տարի հայերն ու թուրքերը միասին են ապրել: Մեզ մոտ գետտո չի եղել: Մենք պատրաստ ենք զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները: Մեզ համար անընդունելին «եթե ցավը թուրքերինն է, ապա թող մոռացվի» մոտեցումն է: Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի»:

 


Նախ Դավութօղլուն փորձում է Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ներկայացնել որպես քաղաքական շահարկում, այսինքն' կասկածի տակ է դնում Եվրախորհրդարանի կողմից արդար որոշում ընդունելու հանգամանքը: Միաժամանակ ինքն է դիմում շահարկման' ակնարկելով, որ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ազդելու է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա, և խնդրի էությունը տեղափոխում է հայ-թուրքական հարաբերությունների դաշտ:
Եվ սա դեռ բավական չէ Թուրքիայի «առաձգական» վարչապետը անուղղակիորեն ցեղասպանության մեջ է մեղադրում Եվրոպային, ասելով որ Թուրքիայում գետտո չի եղել, ապա խոսում է «Թուրքիայի ցավերի մասին»:

 

 


Առաջին տպավորությամբ թվում է, թե Դավութօղլուն կորցրել է իրականության զգացողությունը, սակայն իրականում գործ ունենք Թուրքիայի վարչապետի չստացված մանևրի հետ, քանի որ շարքային քաղաքացին էլ գիտի, որ Եվրոպայում «գետտո իրականացնող» պետությունը' Գերմանիան ոչ միայն ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, այլև փոխհատուցել:
Ո՞ւմ է ուզում խաբել Թուրքիայի վարչապետը …
Թուրքական բարձրաստիճան անձանց վերջին հայտարարությունները պատասխանները Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու կառույցներին վկայում է այն մասին, որ ժխտողականության քաղաքականությունը թուրքական պետության մոտ հասել է մոլագարության աստիճանի: Իսկ ինչպես գիտենք ցանկացած մոլուցք լավ հետևանքների չի բերում:
ՀԳ.Պետք է գիտակցել' արդարության ճանաչման համար այլևս երկընտրանք չկա:

 

 

Նարեկ Պողոսյան