«Բացիր աչքերդ», - լսում է Դեյվիդը և արթնանում: Հագնվում է, դուրս գալիս տնից և ուղևորվում աշխատանքի' Մանհեթթենի դատարկ փողոցներով, ինչն աննախադեպ է թվում այդ պահին: Ոչ ոք չկա, ոչ մի կենդանի շունչ… «Դատարկ փողոցը միայնության խորհրդանիշ է», - ասում է կադրից այնկողմ լսվող ձայնը… Դա հոգեբանն է, որին Դեյվիդը պատմում է իր մղձավանջի մասին:

 

Դեյվիդը օրինակելի սրտակեր է: Գեղեցիկ և հարուստ, շրթներկ համտեսելու բրոնզե մեդալակիր, երրորդ աստիճանի կնամոլ, հաջողության կատարյալ մարմնացում, որին կարելի է կանգնեցնել պատվանդանին: Խոշորագույն մեդիաընկերության ժառանգորդ, ծնված օրից մերժում չստացած Դեյվիդը ոչ միայն լուրջ ղեկավար է, այլև հասարակ տղա, ով կարող է մի երկու խոսքով սիրաշահել սպասարկող անձնակազմի ամենաաննկատ նեկայացուցչին: Պարզապես կատարյալ մարդ' Դեյլ Կարնեգիի գրքերի շապիկի վրայից: Սակայն արտաքուստ երևացող կատարելությունը Դեյվիդին չի խանգարում «խլել» ընկերոջ ընկերուհուն, և դա չնայած նրան, որ ինքն աղջիկների հետ կապված խնդիրներ չունի. նա պարզապես սովոր է ստանալ այն, ինչ ուզում է: Այնուհետև այդ խաչաձև փոխհարաբերությունների խառնուրդին է միանում Դեյվիդի ընկերուհին:

 

Երկրաչափական գլուխկոտրուկ – քառանկյուն սիրային եռանկյունի' կազմված բութ անկյուններից: Խնդիրը կանխատեսելիորեն ունենում է ողբերգական հանգուցալուծում. սուիցիդալ ավտովթար, որի հետևանքով Դեյվիդը ստանում է մոդելային արտաքինի հետ անհամատեղելի վնասվածքներ: Մեկ ուրիշն ուրախ կլիներ, որ ողջ է մնացել և դասեր կքաղեր կատարվածից, բայց Դեյվիդը շարունակում է առաջ տանել սյուժեն: Զրկվելով իր արտաքին հաջողության 50 տոկոսից, Դեյվիդը հայտնվում է դեպրեսիվ վիճակում: Եվ դա բնական է. նրա արտիստիկ էության համար դա իսկական ողբերգություն է: Այն ամենը, ինչ նա կարող է այս կյանքում' լինել ժառանգած ընկերության ղեկավար և փլեյբոյ: Մոտավորապես Թոնի Ստարկի թույլ տարբերակը' առանց հանճարեղության, մարդասիրության և սմոկինգի: Բթացած կամքի ուժը խանգարում է Դեյվիդին ընդունել անխուսափելին և գտնել իրեն ինչ-որ նոր բանի մեջ, ինչի պատճառով էլ ժխտման փուլը ձգձգվում է և վերածվում այս պատմության համար բեկումնային վեճի: Ընդհանրապես, ակումբի տեսարանը սիմվոլիկ է իր երկդիմությամբ. հարթ անշունչ դիմակ և այլանդակված դեմք' ինչպես Դեյվիդի կյանքի երկու կողմերը. շինծու արտաքին հաջողակություն, որը հասարակ է ու միանման, և հոգևոր աղքատություն ու անճոռնիոթյուն, որի պատճառով ստիպված է միակ ընկերոջը «գնել» նրա գրքի ֆինանսավորման միջոցով:

 

Երբ դառը ճշմարտությունն ու գլխացավերը միախառնվում են զզվելի կոկտեյլի մեջ, Դեյվիդը փախչում է «Մատրիցայի» տարբերակներից մեկը, որտեղ պետք է քնի և երազներ տեսնի: Սակայն ոչ անհիմն մեղքի զգացումը տանջում է նրան' վերափոխելով վիրտուալ իրականությունը: Իսկ ընդհանրապես, ամբողջ ֆիլմը Դեյվիդի պատմությունն է այն մասին, թե ինչպես նա խանգարվեց ու հասավ հնարված հոգեբանի հետ խոսելու աստիճանի: Մահապարտի խոստովանություն, որը վերջնարդյունքում պետք է բերի կատարսիսի: Սակայն դրա փոխարեն ամբողջությամբ բացահայտում է նրա բացարձակ անպետքությունը' որպես անհատի: Դեյվիդի աշխարհում ամեն ինչ ստեղծված է ուրիշների կերպով և նմանությամբ. երջանիկ կյանքը կրկնօրինակված է հին ֆիլմերից ու երգերից, քաղաքի յուրաքանչյուր անկյուն իրենից ներկայացնում է օտար բնապատկերներ, և նույնիսկ հարատև մայրամուտով երկինքը գողացված է Մոնեի կտավից: Ոչ մի ստեղծագործական կրեատիվ:

 

 

 

...իսկ գուցե ֆիլմի սկզբում դատարկ քաղաքը խորհրդանշում է ո՞չ թե հերոսի միայնությունը, այլ նրա էգոցենտրի՞զմը: Միգուցե ամբողջ աշխարհում նրա համար ուրիշ ոչինչ գոյություն չունի: Եվ վախեցած վիճակում վազքը դա ընդամենը քաոսային ինտուիտիվ փորձ է' գտնել ինքն իրեն, գտնել իմաստ, գտնել գոնե ինչ-որ բան' անձնազուրկ հոգին լցնելու համար...

 

Երազում գրեթե խելագարվելով Դեյվիդը հիշում է կատարվածի մասին ողջ ճշմարտությունը, որը մինչ այդ թաքցված էր հանդիսատեսից: Ողբերգական իրադարձությունների սկիզբ հանդիսացած սխալ որոշումները, անշրջելի քայլերն ու սեփական սխալները գիտակցելու փոխարեն Դեյվիդը հանկարծ մտածում է, որ իր կամքի ուժն այնքան է ամրացել, որ ինքն արդեն կարող է կռիվ տալ համառ իրականության հետ և որոշում է արթնանալ: Եվ հենց այստեղ է, որ գործի է դրվում մի նրբություն, որը հեշտ է չնկատել: Արթնանալուց առաջ նա չի բաձրաձայնում իր վերջին ցանկությունը, քանի որ ծառայություն մատուցողները կարող են կարդալ նրա մտքերն ու իրականացնել դրանք: Եվ արթնացման արարողությունից, այսինքն շենքի տանիքից ցատկելուց հետո մենք լսում ենք այդ նույն «Բացիր աչքերդ» արտահայտությունը, որի իմաստը ռեժիսորն անցկացնում է ողջ ֆիլմի միջով: Հիմա արդյո՞ք կամքի ուժը բավականացրեց Դեյվիդին' իրական կյանքի համար, թե՞ նրա վերջին ցանկությունը վախվորած վերադարձն էր դեպի պատմության ամենասկիզբը...

 

Կարելի է մտածել, որ «Բացիր աչքերդ» արտահայտությունը ռեժիսորի մեսիջն է' կարծրատիպերից հրաժարվելու և ինչ-որ անպետք բանով չպղտորված աչքերով կյանքին նայելու համար: Ինչ-որ մեկը կմտածի, որ այս ֆիլմը ամենակարող սիրո ուժի մասին գեղեցիկ հեքիաթ է: Կամ էլ ֆանտաստ ոճի պատմություն' համեմված սիրային գեղեցիկ պատկերներով ու տարօրինակ սյուժեյով: Դեյվիդը ստացավ իր արժանի՞ն, թե՞ պարզապես նրա բախտը չբերեց, արդյո՞ք նրան «խժռեց» ճակատագրական արդարադատությու՞նը, թե՞ նա հանգամանքների, պատճառահետևանքային կապերի ու կանացի հիստերիայի անմեղ զոհ է: Թե՞ այստեղ նուրբ ակնարկ է բացարձակապես բոլոր փոխհարաբերություններին, որոնք կառուցվում են յուրաքանչյուր անհատի ներսում հնարված ինչ-որ աշխարհում: Իսկ միգուցե այստեղ առկա է հարուստ և գեղեցիկ մարդկանց, նրանց ներքին դատարկության ու անհոգի էության հանդեպ նախանձոտ քննադատությունը, որի նպատակն է նրանց նկատմամբ սեփական «Ես»-ի արժևորումը:

 

Հենց սրանով է լավ ֆիլմը տարբերվում վատերից. այստեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հոգեհարազատը:
Պետք է միայն բացել աչքերը...

 

 

 

Վահագն Արմենյան