«Հունվարի 7
Երեկոյան ժամը 5.20-ին սկսվեց երկրաշարժի մի շրջան Երևանի համար: Միջակ ցնցում եղավ, որին հետևեց, 1 ժամ հետո, ավելի ուժեղ ցնցում, ապա երկու փոքր ցնցում ևս, և կարծես թե դադարեց: Ժամը 11-ին սկսվեց երկրորդ շրջանը, այսինքն մարդկանց համար, որովհետև երևի սեյսմիկ կայանը ցույց է տալիս ավելի հաճախակի դեպքերը:


Երևանի երկրաշարժը համարվում է սպառնալից. 17-րդ դարու երկրաշարժի հիշողությունը նպաստում է դրան:


Գիշերվա ժամը 3-ն է: Մերոնք չեն թողնում քնել, ստիպված եմ արթուն հսկել. մանավանդ, որ տղաս քնում է և նրան զարթեցնելու դժվարություններ կան: Ավելի հիմար և նվաստացնող դրություն չկա: Քույրս ասում է.
- Չեն թողնում մի հանգիստ ապրենք:


- Ո՞վ:


- Ես ինչ գիտեմ, բնությունը:


- Այո, բայց ո՞վ է մեղավոր:


Իսկ երեկոյան փողոցում հանդիպեցի Քսպեին, որը վրդովված ասաց.


- Ինչու՞ մի 10 ժամ առաջ չեն զգուշացնում բնակչությանը, որ երկրաշարժ է լինելու…


Բժիշկ Վ. Պետրոսյանն ասաց. «Երևի կհայտնեն, թե հետևյալ ցնցումը երբ կլինի»:


Մեր տան բակում սպասում են գիշերվա ժամը 3-ի ցնցումին. այդպես է ասել իբրև թե մեր տան Կոմիտեի նախագահուհին:


Դուռը ծեծեցին: Լ. Արիսյանն է, հարցնում է Ալեքսանդր Հակոբյանին, որը սեյսմիկ կայանի դիրեկտորն է: Եկել է երևի տեղեկանալու… Ի՞նչ, ի՞նչ կարող է ասել Հակոբյանը հետևյալ ցնցումների մասին: Դա գիտական կնճռոտ պրոբլեմ է: Բայց Արիսյանի համար խնդիրը իրոք, որ գործնական է, այնպես, ինչպես վաղվա հացի փռների խնդիրը և պետք է,- ինչ ուզում է լինի,- մի դրական բան իմանալ…


Գեոլոգ Հովհ. Կարապետյանն ասել էր, որ իր կարծիքով' շարժը վերջացավ. նույն կարծիքն արտահայտեց ռադիոյով մի երկրաբան: Բայց շարժը կրկնվեց առաջիններից թերևս ավելի ուժեղ»: