ՀՀ կառավարությունն իր' ս.թ. ապրիլի 16-ի նիստում հավանություն է տվել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ բնակչության ուսուցման հայեցակարգին:


Հարցն իսկապես հրատապ է: Բոլորս էլ նկատած կլինենք, որ օր չի անցնում' առանց տարատեսակ աղետների: Վերջին 20 տարում ամեն տարի աղետներից տուժել է երկրագնդի միջին հաշվով 200 մլն բնակիչ: Վտանգների ազդեցությունից հատկապես խոցելի են թույլ զարգացած և զարգացող երկրները, որոնք չունեն աղետների դիտարկման, կանխատեսման, վտանգի և խոցելիության գնահատման, վաղ ազդարարման և այլ հնարավորություններ: Հայաստանի տարածքի 76,5 տոկոսը ծովի մակերևույթից բարձր է 1000-ից 2500 մետր: Ամենացածր տեղանքի բարձրությունը 350 մետր է, ամենաբարձրինը' 4096 մետր: Փաստորեն մեր երկրի այս փոքր տարածքում բարձրությունների տարբերությունը մոտ 3500 մետր է: Դրանով է բացատրվում, որ ՀՀ-ում առկա են կլիմայի բոլոր տեսակները' չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձր լեռները, ինչով էլ պայմանավորված է բնական վտանգների բազմազանությունը:


Հայաստանի տարածքը բարձր ռիսկային տարածք է: Դրա 100 տոկոսը ենթակա է սեյսմիկ վտանգի, 3 տոկոսը' սողանքի, 30 տոկոսը' սելավի և ջրհեղեղի, 0,5 տոկոսը' փլուզման և քարաթափման, 12 տոկոսը'ցրտահարության, 15 տոկոսը' երաշտի, 17 տոկոսը' կարկտահարության և այլն:

Հողատարածքների 80 տոկոսից ավելին ենթակա է էրոզիայի, աղակալման, գերխոնավության, անապատացման, ջրակալման վտանգների: Մեր երկրում տեխնածին վտանգի աղբյուր են գործող 27 քիմիական կազմակերպությունները, շուրջ 100 ջրամբարները, 1500 հրդեհապայթյունավտանգ օբյեկտները, 19 պոչամբարները, Հայկական ատոմային էլեկտրակայանը և այլն:


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մշակած հայեցակարգով կարգավորվում են աղետների ռիսկերի ուղղությամբ բնակչության բոլոր շերտերի' սկսած նախադպրոցական և դպրոցական տարիքից մինչև աշխատող ու կենսաթոշակի տարիքի, ուսուցման հետ կապված հարցերը: Նպատակն այն է, որ աղետների ռիսկի նվազեցման ուսուցումը ներդրվի հանրապետության կրթական ամբողջ համակարգում: Դա կնպաստի բնակչության մեջ անվտանգության մշակույթի ձևավորմանը և հետագա զարգացման հայեցակարգային հիմքերի ստեղծմանը:

 

 

Անահիտ Գրիգորյան