Թուրք լրագրողներից մեկը ժամանակին՝ երբ դեռ Հռոմի պապը չէր ասել, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին գենոցիդն էր, պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ՝ մարտի վերջին Վատիկանում ինչ-որ ճաշկերույթ է կազմակերպվել եւ իրեն՝ այդ լրագրողին բախտ է վիճակվել նստել Վատիկանում Թուրքիայի դեսպանի կողքին: Այդ դեսպանի անունը ձեզ դժվար թե որեւէ բան ասի, բայց նա Թուրքիայում բավական հայտնի գիտնական է, աստվածաբան, դասավանդել է ոչ միայն Անկարայի, այլեւ աշխարհի մի շարք համալսարաններում, այդ թվում նաեւ Ամերիկայում: Ու չնայած պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, նրան դեսպան են նշանակել:
Եւ այդ պրոֆեսոր դեսպանը թուրք լրագրողին ասել է՝ ՙԹուրքիան եւ քրիստոնյա աշխարհը լուրջ ճգնաժամի նախաշեմին էին՝ ապրիլի 24-ի հետ կապված: Եթե Պապը որոշեր ամսի 24-ին գնալ Երեւան, դա կհանգեցներ լուրջ ճգնաժամի: Բայց դա հաջողվեց վերջին պահին կանխել՝ շնորհիվ Թուրքիայի ազդեցության՚:

 


Թուրք մեկ այլ լրագրող՝ Բուրաք Բեքդիլը այս առիթով երեկ ՙՀյուրիեթ դեյլի նյուզ՚ թերթում մի այսպիսի հեգնական մեկնաբանություն է արել: ՙՀրաշալի լուր կլիներ ճգնաժամը մեր ջանքերով կանխելու մասին լուրը, եթե չլիներ մի հանգամանք՝ Այն, ինչ պետք է կատարվեր ապրիլի 24-ին Երեւանում, պարզապես կատարվեց ապրիլի 12-ին Վատիկանում, ինչի արդյունքում մեծ գիտելիքների տեր մեր աստվածաբան դեսպանը հետ կանչվեց Անկարա՚:
Անդրադառնալով Թուրքիայի հոխորտանքներին եւ սպառնալիքներին Վատիկանի հասցեին, Բուրաք Բեքդիլը հեգնում է՝ ՙՎատիկանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները երեւի կզրկվեն թուրքական շահեկան գործարքներից, այդ թվում Թուրքիայից հրթիռներ եւ ավիակիր ստանալու հնարավորությունից: Տնտեսագետները կանխատեսում են, որ թուրքական պատժամիջոցներից ամենից շատ կտուժեն Վատիկանի ավտոարդյունաբերական հսկաները: Դրան զուգահեռ Թուրքիան կկասեցնի Վատիկանին 52 միլիարդ դոլարի վարկի տրամադրումն այնքան ժամանակ մինչեւ Հռոմի պապը ներողություն չխնդրի թուրքերից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար՚:

 

Ու լրագրողը շարունակում է՝ ՙՊատժելով Վատիկանին, մեր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ հավաստի աղբյուրների, հրահանգել է Թուրքիայի հզոր նավատորմը ուղարկել Բահամյան կղզիներ, որպեսզի կանխվի Վատիկանի կողմից այնտեղ նավթի ու գազի արդյունահանումը՚:
Իր հոդվածը թուրք լրագրողն ավարտում է այսպես՝ ՙԱյո, դա հրաշալի գաղափար էր՝ Վատիկանում դեսպան նշանակել մեծ գիտելիքների տեր աստվածաբանին: Որովհետեւ եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նվանակվեր, դա ճգնաժամի կհանգեցներ Թուրքիայի եւ քրիստոնյա աշխարհի հարաբերություններում: Բայց հիմա աստվածաբանի ջանքերի շնորհիվ այդ ճգնաժամը կանխվեց: Եւ ուրեմն Անկարան պետք է լրջորեն մտածի աշխարհի այլ երկրներում եւս աստվածաբան դեսպաններ նշանակելու մասին՚:

 

 

 

Արմեն Դուլյան