Էս խելքին ենք, որ էս ելքին ենք   


Քիմ Քարդաշյան՝ անուն, որը էս օրերին ոչ միայն հայաստանյան, այլեւ՝ համաշխարհաին մամուլի էջերում է, եւ այս անվան կողքին միաժամանակ հնչում է Հայաստան, Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելից , վերադարձ հայկական արմատներին եւ այլ մտքեր, կարծում եմ, այս կնոջով միայն ու միայն պետք է հիանալ, քանի որ նա մենակ անում է մի գործ, որը մինչ այժմ արվում էր տասնյակ կառույցների, կազմակերպությունների, գործիչների կողմից, Քիմը միայնակ կարողացավ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել Հայաստանի եւ Ցեղասպանության թեմայի վրա եւ՝ լուռ, առանց բարձր- բարձր խոսքերի, առանց շնչահեղձության, առանց ինքը-զինքը ցուցադրելու, եթե անգամ ցուցադրում է, ապա՝ ճաշակով, զուսպ, հավասարակշռված եւ արժանապատիվ:


Բրավո, Քիմ Քարդաշյան, շնորհակալ եմ քո կատարած այս մեծ գործի համար, շնորհակալ եմ, որ երկրագնդի քարտեզի վրա մեկ քորոցի գլխիկի չափ տեղ զբաղեցնող մեր երկիրը դարձրիր այսքան հայտնի եւ այսքան տեսանելի, բրավո, քո նախնիները կհպարտանային քեզնով, որովետեւ իսկական հայուհի լինելը ոչ թե ճառով է լինում, այլ՝ գործով, իսկ դու հենց գործ արեցիր


Ու որովհետև մեղրն առանց մազութի չի լինում, ուզում եմ նաև գրել նրանց մասին, ովքեր Ցեղասպանության թեման դարձրել են բիզնես շահույթ՝ նույնացնելով անմոռուկների առք ու վաճառքի, որտեղ պատահի՝ պարտադրանքի հետ: Չափի ու չափազանցության ոչ մի զգացում չունենալով ու աղավաղելով ԱՆՄՈՌՈՒԿԻ խորհուրդը, եթե, իհարկե, գիտեն՝ որն է: Ուզում եմ նաև գրել նրանց մասին, ովքեր Ցեղասպանության 100-ամյակը դարձրել են տուրիզմի առիթ ու լալահառաչ դեմքով շրջագայում են դես ու դեն, բայց հոգում մի մոմ էլ չունեն, որ միլիոն ու կես զոհերի համար լուռ, առանց ցուցադրության՝ վառեն:

Անիմաստ է ասել՝ չի կարելի, չեն հասկանա, որովհետև խորապես համոզված են, որ իրենց արածը ազգաշահ է ու համարյա ազգապահ: Պատերի տակ Քիմ Քարդաշյանին քննադատելով՝ բարձրաձայն փառաբանելը, Ցեղասպանության թեման զբոսաշրջության վերածելը, երեսպաշտության ու հայրենասիրության մեջ տարբերություն չտեսնելը ոչ այսօր է սկսվել, ոչ վաղն է վերջանալու: Էս խելքին ենք, որ էս ելքին ենք: Ափսոս է մեր երկիրը: Միտքն ու խելքը հալածելով, օրվա արժեքը միլիոն, իրական արժեքը մի լումա գնահատելով՝ գնում ենք իբր առաջ, բայց չենք էլ հասկանում, որ էդ ճանապարհը ոչ մի տեղի ճանապարհն է ու դեմներս մեր ձեռքով կառուցած պատն է:

 

 

Մարգարիտ Եսայան