Քիմ Քարդաշյանը, ով այս օրերին երջանկությունից փայլող աչքերով ծանոթանում է պատմական հայրենիքին, համտեսում Հայաստանը ու միաժամանակ նաև շատ կարևոր գործընթաց իրականացնում՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մեջ իր լուման ներդնելով, անգամ չէր էլ կարող պատկերացնել, թե որքան մարդ իր ստվերի տակ սեփական PR-ով կզբաղվի ու սեփական անհասկանալի գաղափարները կփորձի առաջ տանել:


Այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժում» և «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ները նախատեսում են վաղը Կառավարության դիմաց պիկետ անցկացնել'Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու դեմ:


Նախատեսվում է, որ պիկետի ժամանակ նրանք նաև նամակ կփոխանցեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝բողոքելով այն հանգամանքից, որ «մարմնով աշխատող մի անձնավորության» աղուհացով, հայկական տարազով ընդունելն անընդունելի է…


առաջինը, ինչ մտքիդ գալիս է, զարմանքն է՝ ի՞նչ ՀԿ-ներ են սրանք, որ հասարակությունը պետք է հանդուրժի նրանց պիկետը Կառավարության շենքի դիմաց ու առավել ևս միանա դրանց:
Երկրորդ՝ ինչո՞ւ այդ սոցիալիստական շարժումն ու ագզային արժեքների պաշտպան ինքնահռչակված կազմակերպությունները պիկետ չէին անում, երբ օրեր շարունակ նույն վայրում մարդիկ պայքարում էին իրենց ավելի կարևոր իրավունքների համար:


Օրինակ՝ կանայք պահանջում էին մայրության նպաստին վերաբերող փոփոխությունները չեղյալ հայտարարել, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքում էին շրջանառության հարկի նորացված տարբերակի դեմ, իսկ տաքսիստները՝ պարտադիր լիցենզավորման համակարգից:


Ի՞նչ է, սրանք հարցեր են, որ կապ չունեն սոցիալիզմի կամ ազգային արժեքների հե՞տ, թե այդ կոնտեքստում պայքարելը «եկամտաբեր» չէր լինի այն տեսանկյունից, որ ընդհանուր ալիքի տակ իրենց անունը նույնիսկ չէին էլ շոշափի:


Իհարկե, ավելի լավ է տարին մեկ-երկու անգամ ասուլիս հրավիրել ու խոսել Եհովայի վկաների փիս ազդեցության մասին կամ էլ փորձել պախարակել մի կնոջ (անկախ իր գործունեությունից, անցյալից կամ ապագայից), ով այսօր ավելի շատ գործ է անում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան ողջ հայ դիվանագիտությունը թերևս արել է վերջին 100 տարվա ընթացքում:


Ի վերջո, ի՞նչ են ուզում այդ պիկետով ապացուցել, իսկ ամենակարևորը՝ ո՞ւմ: Այդ միջոցառումը միայն հերթական անգամ ցույց կտա, թե որքան ինքնակոչ կազմակերպություններ ունենք Հայաստանում, որոնք բացի գռանտներ ուտելուց ուրիշ ոչ մի գործ չեն անում… բայց գռանտ ուտելն էլ պիտի համ ու հոտով լինի:

 

 


Արման Ղարիբյան