Վրացական ԶԼՄ-ներն արդեն երկու օր է՝ ակտիվ քննարկում են Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Հրապարակումներում տեղ գտած հիմնական շեշտադրումներն ուղղված են այն հանգամանքին, որ հայազգի հայտնի աստղ 34-ամյա Քիմն ընտանիքի հետ միասին առաջին անգամ ժամանել է իր պապերի հայրենիք, որտեղ նրան մեծ շուքով են դիմավորել: Նշվում է, որ Քիմը մեկնել է Հայաստան ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մանակցելու համար: Հաղորդվում է նաև, որ Քարդաշյաններն այցելել են Գառնի և Գեղարդ, նախատեսված է այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա նաև Ազգային արխիվ, որտեղ Քիմին կներկայացնեն իր պապերի մասին տեղեկություններ:


Բացի այդ նշվում է , որ Քիմը փոքրիկ ֆիլմ է նկարահանելու ցեղասպանության մասին:


Խոսք է գնում նաև System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մասին՝ ներկայացնելով, որ, տվյալ խմբի անդամները լինելով հայ, հպարտությամբ բարձրաձայնում են իրենց ինքնության մասին՝ հավելելով, որ Երևանում շուտով կայանալու է այդ խմբի համերգը, և սպասվում է, որ ռոքերներին ևս մեծ շուքով են դիմավորելու:


Ի դեպ, Քիմ Քարդաշյանը մշտապես գտնվում է նշված լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում, իսկ պատճառն, ըստ էության, այն է որ նա ամերիկյան շոուբիզների ամենահայտնի աստղերից է:
Նույնիսկ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունն, անդրադառնալով Քիմի Հայաստան կատարած այցին, ցուցադրել է այդ մասին պատմող լուսանկարներ և տեսանյութ:


Հետաքրքիր մի հանգամանք. բանն այն է, որ Քարդաշյանների այցը լուսաբանելիս վրացական լրատվամիջոցները չեն կաշկանդվում և ազատորեն օգտագործում են ցեղասպանություն տերմինը, ինչն, ըստ էության, նոր երևույթ է, բայց և ակնառու:


Հ.Գ. Լավ է, երբ ամեն ինչ օբյեկտիվ և ըստ կարևորության է ներկայացվում ԶԼՄ-ներում, հատկապես՝ հարևան երկրներում: Ափսոս, որ քիչ է այդպես լինում:

 

 

Ալիկ Էրոյանց