Քանի Հայաստան Քիմի հասնելուն դեռ մի քանի ժամ կա, սա էլ գրեմ, որովհետև նրա գալուց հետո մի քանի օր, եթե ոչ շաբաթ, հանրության ուշադրությունը շեղված է լինելու Քիմի վրա Смайлик «smile»


Հայաստանի քաղաքական առասպելներից ամենավտանգավորը, թերևս, այն միֆն է, թե հասարակության մեծ մասը քաղաքական դիրքորոշում ունի, գիտակցաբար մասնակցում է ընտրություններին ու ձևավորում իշխանություն, թե հանրության քաղաքական ակտիվությունից է կախված երկրի ապագան և այլն:

Իրականում հասարակության մեծ մասը քաղաքական որևէ դիրքորոշում ՉՈւՆԻ. սա պետք է հաշվի առնեն քաղաքական բոլոր ուժերը: Եվ հանրության մեծամասնությունից ոչինչ կախված չէ ո՛չ այս երկրում, ո՛չ էլ չկայացած ժողովրդավարության որևէ այլ երկրում:


Քաղաքականապես ակտիվ է հանրության միշտ մի փոքր հատված, որը վերլուծում, մեկնաբանում, մտահոգվում և պատրաստ է ինչ-որ բան անել՝ երկրում դրական փոփոխություններ ունենալու համար: Եվ այդ փոքրամասնությունը չի պատկանում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը: Այդ փոքրամասնությունից մարդիկ կան և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմության, և՛ այլ օղակներում, և՛ Հայաստանից դուրս:


Մնացած մեծամասնությունը, որն իրականում քաղաքականապես ակտիվ չէ, այսինքն՝ պատրաստ չէ ժամանակ և անձնական այլ միջոցներ ծախսել՝ հանուն ընդհանուր բարեկեցության, ունի հիմնականում մեկ մտահոգություն. քաղաքական ցանկացած ուժի իշխանության պայմաններում սեփական գլուխը պահել:

Պետք է վերջապես հասկանալ, որ հանրային կյանքը մարդկանց մեծամասնությանը չի հետաքրքրում, իրենք զբաղված են անձնական կյանքով՝ աշխատանք, առևտուր, հանգիստ, զգացմունքներ, հոբբի և այլն: Եվ իրենք մնալու են այդպիսին ցանկացած իշխանության պայմաններում:


ԲՀԿ-ի և Հիմնադիր խորհրդարանի հետ կապված «քաղաքական» վերջին դեպքերի արդյունքում հանրության մեծամասնության լռությունը կամ անտարբերությունը հենց դրա վկայությունն է:
Հետևաբար, քաղաքականապես ակտիվ փոքրամասնությունը պետք է իրեն հարց տա. քանի՞ մարդ կա երկրում և դրանից դուրս, որ պատրաստ է առնվազն իր ժամանակն ու միջոցները, իսկ առավելագույնը՝ նաև իր ազատությունը նվիրել երկրի զարգացմանը:


Փաստորեն, մեծամասնությունը քաղաքականության սուբյեկտ չէ: Պետք է նաև հասկանալ, թե ովքեր են իրականում Հայաստանում քաղաքականության սուբյեկտները: Եթե դա հանրության մեծամասնությունը չէ, և կուսակցությունները չեն, ուրեմն՝ փոքր խմբեր են, որոնք սկզբունքորեն կարող են ազդել քաղաքականության վրա և ձևավորել քաղաքականություն. եվրոպամետ զանգվածը, ազգայնական զանգվածը, ոստիկանությունը և պետական իշխանության այլ մարմինները, վարչական ռեսուրսը և, վերջում, բանակը: Իրական քաղաքականությունն այս խմբերում է և այս խմբերի միջև, ոչ թե իշխանության և ընդդիմության միջև:

 

 

Մովսես Դեմիրճյան