«Զի խնդրէք զկենդանին ընդ մեռեալս. չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. 24:5-6):

«Ես իսկ եմ յարութիւն եվ կեանք, որ հավատայ յիս, թէպէտ եւ մեռանի կեցցէ»

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ պատրաստվում է նշելու Սուրբ Զատիկը' Քրիստոսի հրաշափառ Հարությունը, որը մեր եկեղեցում հինգ տաղավար տոներից ամենամեծն ու ամենասիրվածն է. արդեն երկու հազարամյակ է անցել Աստվածորդու' Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից, և Հայ առաքելադիր Եկեղեցին ամեն անգամ նույն ոգևորությամբ և անսասան հավատքով է տոնախմբում այն, քանզի Տիրոջ Հարության տոնն այլ բան չէ, քան ճշմարտության հաղթանակ և կեղծիքի պարտություն: Հարության տոնը, շարժական լինելով, միշտ նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով, այն տեղաշարժվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում' ըստ այդմ էլ մակնակետ դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար:


Հարության հետ զուգահեռ օգտագործվում է նաև «Զատիկ» բառը:«Զատիկը» հայկական բառ է և ունի տարբեր ստուգաբանություններ:«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջանական իմաստով վերադարձ առ Աստված: Հիսուսի Հարությունը առհավատչյան է այդ վերադարձի և այն Նոր Արարչագործության, որը սկզբնավորեց Նրա մարդեղությամբ և հին մահակիր կյանքի նորոգության տնօրինագործ հանգրվաններով իրականացավ խաչի վրա:


Հիսուսին' Նոր Ադամի հարությունը մի գերբնական և գերբնական իրագործում էր, որն իսպառ քանդեց մահվան կապանքները, և Հին Ադամը' մարդը, որն իր սրտում հարատև կրում էր կորուսյալ Դրախտի անանց կարոտը, վերստին արժանացավ Աստծո հետ հավիտենական կյանք ունենալու իր կոչմանը: Հիսուս Քրիստոսի արյան և մարմնի պատարագմամբ մաքրագործվեց եղծված աշխարհը, Նրա մահվամբ ավերվեցին դժոխքի դռները և մահը' հին կյանքի անգութ ուղեկիցը, պարտվեց Խաչյալի ոտքերի տակ. կատարվեց Հարության անմեկնելի հրաշքը, որը և մանրամասնորեն ներկայացված է չորս ավետարաններում:


Ուրբաթ երեկոյան, երբ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում' Քրիստոսի աշակերտների և հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված և իրարամերժ զգացումներով ցրվել էին: Բայց ահա երկնքի հիմքերը սասանվեցին, տիեզերքի անսահմանությունները ողողվեցին լույսով, շարականագիրն է գրում.«Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի մեռելոց Քրիստոս»: Տիրոջ Հարության ավետիսով ցնծացին բոլոր երկնային դասերը. կատարվեց այն, ինչ որ պիտի լիներ: Բայց մինչ հարություն առնելը Աստծո Որդին հոգ տարավ բանտարկված հոգիների ազատության համար: Մահանալուց հետո Հիսուս հոգով իջավ դժոխք.«Ի յահէ փառաց Նորա կործանեցաւ յանդունդս երկրի՚: Երեք օր հոգիներին քարոզելով աստվածային ճշմարտությունը' Իրեն հավատացողներին երկինք բարձրացրեց :

Առավոտ էր, պայծառ արևածագ. յուղաբեր կանայք շտապում էին դեպի Հիսուսի գերեզման' օծելու Տիրոջ մարմինը և ճանապարհին խորհում էին, թէ ինչպե’ս պիտի գլորեին գերեզմանի քարը: Սակայն նրանց մտորումը ցրվեց, երբ հասնելուն պես տեսան գերեզմանի քարը մի կողմ շրջված: Արդյոք ո±վ էր գլորել այն և ինչ էր կատարվել այնտեղ, ոչ ոք չգիտեր: Եվ քիչ հետո նրանց կասկածները փարատվեցին լուսավոր զգեստներով հրեշտակի կողմից ազդարարվող մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսով.«Զի± խնդրէք զկենդանին ընդ մեռեալս. չէ աստ, այլ յարեաւ»(Ղուկ. 24:5-6): Այս տողերի մեջ է հաստատվում հավատքի այն գերագույն ճշմարտությունը, որ Քրիստոսի Հարությունը մարդկության առջև բացում է նոր կյանքի ճանապարհ. ճանապարհ, որով քայլողը պիտի հետևի Քրիստոսին և Նրա վարդապետությանը, չարչարակից պիտի դառնա Քրիստոսին և Նրա Հարությունը պիտի դարձնի նաև իր մեջ խմորող հոգևոր վերածնունդ: Տիրոջ հարության ավետիսը ստանալով' կանայք շտապեցին այդ ուրախալի լուրը հայտնել առաքյալներին: Բայց երբ կանայք հայտնեցին նրանց, որ գերեզմանը թափուր են գտել, իսկ վերադարձին տեսել են Վարդապետին, շոշափել Նրա մարմինը, աշակերտները չհավատացին: Եվ յուղաբեր կանայք հանդիսացան Քրիստոսի հարության բարի լուրն ավետողները' խավարի մեջ գտնվող մարդկանց իմանալի լույսով առաջինը լուսավորողներից:


ՙԵս իսկ եմ յարութիւն եվ կեանք, որ հավատայ յիս, թէպէտ եւ մեռանի կեցցէ» (Հովհ. 11:25): Փրկչի այս խոստումով տոգորված և Նրա Հարությամբ ոգեշնչված է, որ իրենց Վարդապետի մահվանից բարոյալքված, գրեթե ցրված մի խումբ առաքյալներ անխորտակելի վճռականությամբ ելան' ի լուր աշխարհի քարոզելու Նրա ավետարանը: Եվ հենց առաքյալներն էլ հաստատեցին Փրկչի Հարության հիշատակն անմար պահող և մարդու փրկության ավետիսը հռչակող Սուրբ Զատիկը, որն ըստ ամենայնի յուրացվեց և հոգեհարազատ դարձավ Խաչյալ և Հարուցյալ Փրկչին մեծապես հետևող մեր ժողովրդի համար:


Քրիստոսի գերեզմանից ճառագող լույսն այսօր մեզ առաջնորդում է հավիտենություն' մեր սրտերի վրայից գլորելով մեղքի քարը, այրելով այնտեղ կուտակված ախտերը' մեր հոգիները վերածելով երկնային հրաշակերտ տաճարների: Հիսուսի հրաշափառ Հարությունն այսօր որպես լուսավոր փարոս մեր ընթացքն ուղղում է Տիրոջ ոտնահետքերով'«Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի իմ' ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց՚(Հովհ.8:12):


Զատկից առաջ Եկեղեցու վարդապետների կանոններով հաստատված Քառասնօրյա պահքն ու Ավագ Շաբաթը լավագույն միջոցն են մեր հավատացյալ ժողովրդին հոգեպես և մարմնապես պատրաստելու Սուրբ Հարությունը արժանավորապես դիմավորելու համար: Զատկի նախորդ երեկոյան ' Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով և ձվով:


Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն, որն ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու խորհրդանշում է աշխարհը.«Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը' օդին, և սպիտակուցը' ջրին, դեղինն էլ երկիրն է՚: Կարմիր ներկված ձվեր միմյանց նվիրելը Զատկի տոնի սովորույթներից է: Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը, իսկ կարմիր գույնը' Քրիստոսի կենդանարար արյունը:


Հիսուս Քրիստոսի Հարությունն առանցքն ու հիմքն հանդիսացավ քրիստոնեական հավատքի և վարդապետության: Հիշե’նք Պողոս առաքյալի խոսքերը.«Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ' ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր» (Ա Կորթն. 15:14): Մահվամբ մահը հաղթաց Քրիստոսի կենսագործող լուսափայլ Հարության շունչն վերստին խնկում է ողջ տիեզերքը' բոլորին պարգևելով կյանքն ապրելու քրիստոնեական սեր, մահվանից չսոսկալու հավատք և անմահությանը ձգտող բույս:


Չգոյությունից դեպի Գոյություն, անցողիկից դեպի Հավիտենականություն, դեպի Կյանք ու Լույս. սա է Հիսուսի Հարության անպարագիծ խորհուրդը:


Արդ, թող հարուցյալ Աստված Իր բնական հոտին, ի մասնավորի հայ հավատավոր ժողովրդին, որ տարբեր ժամանակներում խաչակից ու չարչարակից է եղել Իրեն, այսօր Իր Հարությանը մասնակից ու փառակից դարձնի' երկնային զորքերի հետ միասին տոնախմբելու ու ասելու.«Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚:


Քրիստոնեության ամենամեծ տոնն է Զատիկը: Դարեր են անցել Քրիստոսի Հա- րության մեծահրաշ իրողությունից և այդ իրողությունը դեռ չի դադարել հրաշք լինելուց:


Քրիստոնյայի հավատքը շատ խոր ու մաքուր պետք է լինի, որպեսզի կարողանա ըմբռնել ու հասկանալ հարության իմաստն այնպես' ինչպես Պողոս առաքյալը հասկացավ ու քարոզեց, ինչպես հասկացան առաջին քրիստոնյաները, Հիսուսի բոլոր ճշմարիտ աշակերտները:


Սուրբ Հարության տոնը' Զատիկը, գերազանցապես մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոն է: Մահվան ու չարիքի դեմ Քրիստոսի հաղթանակով ամեն տարի վերստին լուսավորվում է մարդկային կյանքի ճանապարհը: Ինչպես ամեն գարուն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ կրկին ծլեն ու ծաղկեն մայր բնության դաշտերն ու հովիտները, այնպես էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է ուղղված մարդկային աշխարհին' հոգեպես վերանորոգվելու, պայծառանալու և ուրախանալու' կյանքի ու արդարության ուժերի հաղթությամբ ընդդեմ մահվան ու չարիքի: Դարեր շարունակ մահը, որպես անպարտելի բռնավոր, անխնա հալածել է մարդկությանը, ծանր մղձավանջի նման ճնշել աշխարհի ուժերի վրա, տիրել մարդկային մտքին ու զգացմունքներին: Մարդը միշտ թույլ և անզոր է զգացել իրեն մահվան առաջ:


Հիսուսի Հարությունը հաղթանակ է մահվան նկատմամբ, քանզի մինչ Քրիստոսի Հարությունը մարդը միշտ ահ ու դողով է մոտեցել մահվան, այն դիտելով չարիքների մեծագույն չարիքը, որ իրարից բաժանել է սիրելիներին, գերեզման է տարել թույլին ու զորավորին, աղքատին ու հարուստին, ստրուկին ու թագավորին:


Քրիստոսի Հարությունը հիմնովին հեղաշրջեց մարդկության պատմությունը, նոր իմաստ ու նոր ընթացք տվեց նրան: Այն նոր շնչով վերանորոգեց մարդկանց և ժողովուրդների հոգիները, լուսավորեց դրանք, լցրեց նոր ուժերով ու շնորհներով, մարդկության առջև բարոյական բարձր ըմբռնումների և ստեղծագործ կյանքի ճանապարհ բացեց: Քրիստոսի Հարության ավետիքով ուղեկորույս մարդկությունը վերագտավ իր փրկության ճանհապարհը: Գերեզմանը քրիստոնյա մարդու համար ունայնության փոս չէ այլևս, այլ նոր, հավերժական կյանքի նախադուռ:


Ինչպիսին էլ փորձենք բացատրել Հիսուսի Հարությունը' իրողությունն այն է, որ առանց հարության և առանց հարության հավատքի չէր լինի ինքը' քրիստոնեությունը: Հենց հարության գաղափարի մեջ է քրիստոնեության հաղթահարության գաղտնիքը: Քանզի Քրիստոսի Հարությունը հուսահատ ու ընկճված մարդուն ապրելու ուժ և զորություն հաղորդեց:


Առաքյալների և առաջին քրիստոնյաների քրոզության և վկայության գլխավոր նյութն էր Քրիստոսի Հարությունը: Առաքյալ, ավետարանիչ, և քրիստոնյա լինել նշանակում էր վկա լինել Փրկչի Հարությանը.«Պետք է, որ մեզ հետ վկա լինի Նրա Հարությանը» (Գործ 1:22):


Քրիստոսի Հարությունից քսան դար հետո ևս, ամեն Զատկի առավոտ, նորից մեր դեմ է կանգնում հարուցյալ Փրկիչը, որպես ուրախության աղբյուր, ճշմարտության քարոզ, հավերժական կյանքի հրավեր:
Այսօր Զատկի ավետիսը մեզ համար նվիրական հրավեր է հաստատ մնալու մեր նախնյաց հավատքի վեմի վրա:


Հայ ժողովուրդն աշխարհի առաջին ազգերից էր, որ հավատաց ու իր կյանքով վկայեց Քրիստոսի Հարությունը: Հայ ժողովուրդը Հիսուսի նման չարչարվել է խաչը ուսին, բայց երբեք չի ուրացել իր հավատը, երբեք չի կորցրել իր հարության, իր փրկության հույսը: Տառապանքի ու նեղության ամենադառն օրերին հայը կենդանի պահեց հարության հավատը և այդ հավատո’վ ապրեց մինչև մեր օրերը. վկա այն ազգերն ու ժողովուրդները, որ մեզանից մեծաթիվ ու զորեղ են եղել, բայց անհետացել են:


Հիսուսի հարության հավատով մեր Մայր Եկեղեցին դարձավ հարության եկեղեցի, մեր ժողովուրդը' հարության ժողովուրդ: Մեր նախնիները հավատացին, թե կենդանի է Քրիստոս և իրենք էլ կենդանի են լինելու: Նրանք այս անցավոր կյանքն ապրեցին հարության հույսով: Մեզ չեն կարողացել գերեզմանել ոչ ժամանակը, ոչ արհավիրքները և ոչ էլ մեր թշնամիները: Ժողովուրդները չեն մեռնի, եթե անձնասպան չլինեն: Մեր ներկա թշվառությունները, ներկայիս մղձավանջային վիճակը հենց Հարության հավատքի բացակայության արդյունք են:


Եվ միայն Հարության հույսը, Հարության զորությունը կարող է վերածնել մեզ այսօրվա վերքերից և հուսահատություններից, ինչպես անցյալում է եղել:


Նայեցեք Հիսուսի դատարկ գերեզմանին և հավատացեք հարության հրաշքին:


Դուք, սիրելի հայորդիներ, որպեսզի չշփոթվեք ու չմոլորվեք կորստյան ճամփաներում, ձեր հայացքն ուղղեք դեպի անցյալը մեր ազգի և մեր եկեղեցու, սովորեք ճանաչել ու հասկանալ մեր մեծագույն հայրապետների, մեր սուրբ հանճարների ոգին: Այս կերպ դուք պիտի ճանաչեք ու հասկանաք ձեր իսկ հոգին, ձեր գոյության իմաստը և ձեր կոչումն այս աշխարհի վրա:


Քրիստոսի հրաշափառ հարությունը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար մի գեղեցիկ առիթ է վերանորոգվելու և ուխտելու:


Ուխտենք հավատարիմ մնալ մեր հայրերի դավանած հավատքին, և որ հարության տոնախմբությունը լոկ խոսքերով չլինի, այլ սրտի ու հոգու իրական ապրումներով և որ այն լույս սփռի մեր կյանքի և գործի վրա:
Մոտենում է Զատիկը թարգմանությունն է հրեական պասխա բառի, որը նույնությամբ պահպանվել է նաև հունարեն Ս. Գրքում, որ թարգմանաբար նշա- նակում է' «մահը կողքով անցավ՚: Մենք մտովի մտաբերում ենք Եգիպտոսի գերությունից ազատելու Իր ժողովրդին, և պատվիրեց, որ նրանք իրենց տներում գառ մորթեն և գառան արյունից խաչաձև քսեն իրենց դռների վրա, որովհետև գիշերը Տիրոջ հրեշտակը պիտի գար և սպաներ բոլոր անդրանիկ զավակներին, սակայն արյան նշանով նա պիտի պահպաներ, նա պիտի երկարացներ կյանքը հրեա ժողովրդի անդրանիկների, և այսպիսով Զատկի շնորհիվ հրեա ժողովրդի անդրանիկների, և այսպիսով Զատկի շնորհիվ հրեա ժողովրդի անդրանիկները փրկեցին իրենց կյանքը:
Այդ փրկությունը, սակայն, ժամանակավոր մի տևողություն ուներ: Քրիստոս Իր գալստյամբ, Իր խաչելիությամբ իր արյունը թափեց, Իր արյամբ դրոշմեց մեր բոլորի սրտերը, մտքերը և հոգիները, և Քրիստոսի արյունով մահը մեր կողքով անցավ: Մեր մեջ ապրում էր առաջին մարդը, որ դրախտում անհնազանդ գտնվեց Աստծո առաջ և դատապարտվեց մահվան: Քրիստոսի խաչելությամբ և Քրիստոսի արյան շնորհիվ մենք հարություն առանք և արժանացանք հավիտենական կյանքին: Ահա թե ինչու, սիրելի հավատացյալներ, ես ասացի, որ այսօր ոչ միայն Քրիստոսի Հարության տոնն է, ալյև մեզանից ամեն մեկի հարության տոնը:


Յուղաբեր կանայք, որոնք եկել էին Քրիստոսի գերեզման' օծելու Փրկչի մարմինը յուղով, կնդրուկով և անուշահոտ յուղերով, երբ ականատես եղան Քրիստոսի Հրաշափառ Հարությանը, շտապեցին առաքյալների մոտ' ավետելու նրանց Քրիստոսի Հարության լուրը: Առաքյալները, կես շփոթված, կես զարմացած, կարծեք իրենց գլուխները կորցրած, սակայն ոչ երբեք հիասթափված, հավաքված մտածում էին, թե այս ինչ եղավ. իրենց Տերը' Վարդապետը, որ հարություն տվեց Ղազարոսին և ուրիշ մարդկանց, որ բժշկություններ կատարեց, որ կարողացավ իրեն ենթարկել բնության տարրերը' խաչվեց, մահացավ, թաղվեց և չկարողացավ իրեն օգնել:


Այսպիսի մտածումներ էին անցնում առաքյալների մտքով, սակայն նրանց հոգում հաստատ էր համոզումը, որ այդ բոլորը ժամանակավոր մի երևույթ էր, ինչպես Պետրոս առաքյալն ասաց.«Տե’ր, ես մինչև վերջ պիտի գամ Քո ետևից՚, սակայն նա չդիմացավ փորձությանը և երեք անգամ, նախքան աքաղաղի կանչելը, ուրացավ Քրիստոսին: Այդ նույն Պետրոս առաքյալի մեջ կար անսասան հավատը Քրիստոսի նկատմանբ, և այդ հավատի վրա է, որ Քրիստոս Իր Եկեղեցին կառուցեց, ինչպես անապատում հրեաները, երբ մի պահ կասկածեցին Աստուծո հզորության վրա, երբ մի պահ կարծեք մոլորվեցին և ոսկե հորթ կանգնեցրեցին իբրև իրենց պաշտամունքի առարկա:


Աստված նրանց որպես պատիժ ուղարկեց օձերին, և այն ժամանակ Մովսեսը խորհրդանշաբար խաչի վրա կանգնեցրեց պղնձե օձը, որին նայելով փրկվեցին օձից բոլոր խայթվածները, այնպես էլ կանգնեցվեց Քրիստոսի խաչը, որպեսզի հետայսու մենք բոլորս' Քրիստոսին հավատացող բոլոր հավատացյալներս, ովքեր որ ինչ-ինչ պայմաններում երբևէ կարող ենք սասանվել, երբևէ կարող ենք շփոթվել, երբեք իրավունք չունենանք հիասթափվելու, որովհետև մենք ունենք Ս. Խաչը որին նայելով պետք է հիշենք Քրիստոսի թափած արյունը և այդ արյամբ նորից հարություն պիտի առնենք:


Սիրելի հավատացյալ ժողովուրդ, երբ անցնի Մեծ Պահքի շրջանը, կանցնի Ավագ Շաբաթը: Շատերդ կգնաք եկեղեցի, որպեսզի Ս. Հաղորդություն առնենք, որպեսզի ճաշակենք Քրիստոսի արյունը և Քրիստոսի մարմինը: Ձեզանից ոմանք կարողացել են ամբողջ Մեծ Պահքի ընթացքում պաս պահել, ոմանք ցանկացել են դա անել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել այդ անել, այլ պահել եք մեկ շաբաթ կամ մի քիչ ավելի, կամ մի քիչ պակաս: Ուրիշներ դարձյալ ցանկանալով պաս պահել, սակայն դարձյալ ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել այդ անել, սակայն այսօր ծոմ են պահել և եկել են եկեղեցի' խոստովանել, իրենց մեղքերը հայտնել Աստծուն' ցանկանալով հաղորդվել Քրիստոսի մարմնին և այրանը:


Այս պահին ես ցանկանում եմ հիշել Քրիստոսի առակներից մեկը, թե ինչպես մի գործատեր դուրս եկավ առավոտյան և բանվորներ բերեց իր հողամասի վրա աշխատելու և նրանց խոստացավ, որ կվճարի մեկ օրվա համար մեկ մնաս: Երեք ժամ հետո նա գնաց, նորից բանվորներ բերեց: Նա նրանց նույնպես խոստացավ վճարել մեկ մնաս: Անցավ երեք ժամ, նորից բանվորներ բերեց' դարձյալ մեկական մնաս վճարելու պայմանով: Եվ երբ մնացել էր աշխատանքային օրվան մեկ ժամ, դարձյալ բերեց բանվորների և այդ բոլորին հավասար մեկ մնաս վճարեց: Նույն է պարագան այսօր ձեզ համար: Նրանք, ովքեր կպահեն պասը բոլոր օրերին, լիիրավ կարժանանան Քրիստոսի մարմնի և արյան հաղորդմանը, իսկ նրանք, ովքեր կպահեն շատ ավելի նվազ կամ ընդամենը մեկ օր ծոմ են, նրանք կվաստակեն այն, ինչ որ արժանի են վաստակելու: իսկ այն մյուս, մասը որ չեն վաստակել, այդ օրը մեր տեր Քրիստոս ըստ արժանավույն պիտի հատուցի ձեզ: Այնպես որ, սիրելի հավատացյալներ,սուրբ Զատկի օրը երբ դուք հոգեպես հարություն առել, մի’ վարանեք, և բոլորդ կմոտենաք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին և արյանը, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:


Քրիստոս հարյավ ի մեռելոց:


Սիրելիներս ըմբռնելով այս ամենը պետք է գիտակցենք, որ քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային են Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները, որոնք մեզ են ավանդվել դեռևս առաքելական ժամանակներից:


Քանզի Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է:


Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49, Հովհ., Ի, 1-29):


Ուրբաթ երեկոյան, երբ Քրիստոսի Մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել:Խավարն էր նաև մարդկանց հոգիներում' Քրիստոսի աշակերտների ու հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին:


Հակապատկերն է կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի գերեզման' Նրա մարմինը օծելու և խնկարկելու: Նրանք գտնում են վեմը մի կողմ գլորված և գերեզմանը' դատարկ: Նրանց դիմավորում են երկու լուսազգեստ հրեշտակների, ովքեր և ավետում են Քրիստոսի հաղթական Հարությունը:


Հարության կիրակին առանձնանում է լույսի շքահանդեսով.Քրիստոսի երկրային կյանքը սկսվում է լույսով և ավարտվում լույսով: Ինչպես վեմը գլորվեց մի կողմ, և գերեզմանի խավարը փարատվեց լույսի հրավառությամբ, այնպես էլ Քրիստոսի Հարությամբ քանդվեց առաջին մարդկանց մեղքով հավիտենական կյանքի ճանապարհը պատնեշող բոլոր արգելքները, և փրկության հույսով իմաստավորվեց ու լուսավորվեց մարդու կյանքը:


Գրիգոր Տաթևացին իր «Քարոզ սուրբ Զատիկի մասին» ճառում բերում է բոլոր փաստարկները, թե ինչու± նահապետները, մարգարեները, սրբերը և մյուս արդարները չկարողացան մարդկությանն ազատել մեղքից ու մահից, և միայն Քրիստոսը' Աստվածորդին էր ի զորու դա անելու:


Սրբերը չէին կարող մարդկության մեղքերը քավել ու ազատել մահից, որովհետև նրանք իրենք էլ մարդիկ էին, և մեկ մարդու փրկությունն ամբողջապես չէր կարող տարածվել առաջինների ու վերջինների վրա: Նաև մահկանացուն ու ապականելին չի կարող կյանք ու անապականություն տալ, այլ' անմահը և բնությամբ անապականը: Հանցանքին' մեղքին, հետևում է պատիժը' մահը: Մարդը ծնունդով հողորդակից է սկզբնական մեղքին, իսկ որպես պատիժ' մեռնում է: Քրիստոսն Իր անապական Ծնունդով մարդուն ազատեց սկզբնական մեղքից, իսկ Իր մահով' մահվանից: Քրիստոսը նախ մեռավ, հետո Հարություն առավ, մարդն էլ մեռնում է' հետագայում հարությամբ կենդանանալու համար:«Եվ եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»(Ա Կորնթ., ԺԵ, 13-14):


«Հարություն» բառը ճշգրիտ բնորոշումն է կատարված իրադարձության:
«Հարության» հետ զուգահեռ օգտագործվում է նաև «զատիկ» բառը:
Զատիկը հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ' Քրիստոսի Հարություն:«Զատիկ» բառին տարբեր. ժամանակներում տրվել են բազմաթիվ մեկնաբանություններ:


Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» համաձայն' պարսկերեն' zadan, սանսկրիտով' han ձևերը ծագում են հնդեվրոպական նախալեզվի gha, ghan' զարնել, վիրավորել արմատից, ըստ այսմ' «զատիկ» բառի բուն նշակակությունն է «զենում, զոհ»: Նույն տեղում Հր. Աճառյանը նաև գրում է «Ճառընտիրն ունի.«Զատիկն ըստ եբրայեցւոց (պասեք) անցարան. իսկ հայոց լեզուիս' ազատութիւն ի չարչարանց»: Այսպես և Տաթևացին Ձմ. Ճ Բ.«Զատիկն ազատութիւն թարգմանի»: ՆՀԲ (ՙՆոր բառգիրք հայկազեան լեզուի՚)'«զատումն կամ ազատութիւն…՚:


«Զատիկ» բառին տրված զատվելու, բաժանվելու մեկնաբանության մեջ նկատի է առնված հրեաների' եգիպտական գերությունից բաժանումը, իսկ Քրիստոսի Հարությամբ' մեղքից ու մահից զատվելը և վերջնական իմաստով' դեպի Աստված վերադարձը: Այդպես և «զատիկ» բառի առնչությունը «ազատ» բառի հետ հրեաների' եգիպտական գերությունից ազատագրումն է, իսկ Քրիստոսի Հարությամբ' ազատագրումը հեթանոս աշխարհի մեղքի կապանքներից:

«Զատիկ» բառը օգտագործվում է նաև Հին Կտակարանում գործածվող եբրայերեն «պասեք» բառին համարժեք: Հին հրեաների մոտ պասեքը կամ զատիկը Եգիպտոսի գերությունից ազատագրվելու հիշատակության տոնն է (Ելք, ԼԲ(12):


Պասեքի և Զատիկի պատմական կապն այն է, որ Քրիստոսի խաչելությունը կատարվեց հրեաների պասեքի օրը, իսկ Հարությունը' դրա երրորդ օրը: Բացի պատմական այս զուգորդություններից, պասեքի ու Զատիկի մեջ կան նաև իմաստային առնչություններ: Ինչպես պասեքը հիշատակություններ հրեաների' չարչարանքներից ազատագրության, նույն կերպ և Քրիստոսի չարչարանքներից, մահից ու Հարությունից հետո ողջ մարդկությունը ազատագրվեց մեղսալի կյանքի տառապանքներից և հաղորդակից դարձավ հավերժական կյանքին: Հրեաների ազատագրումը կատարվեց գառան արյունը տան դռան փեղկերին ու վերնասեմին և պատուհանների փեղկերին քսելով, որտեղ, ըստ Գրիգոր Տաթևացու (ՙՔարոզ սուրբ Զատիկի մասին՚), տունը Աստծու արքայությունն է, դռան փեղկերը' մեղքը և պատիժը, իսկ վերնասեմը' արդար դատաստանը: Քրիստոսի' Աստծու Գառան արյամբ մարդկանցից վերցվեցին մեղքն ու դատապարտությունը, իսկ արդար դատաստանը փոխարինվեց Աստծու ողորմությամբ:


ԿԱՐՄԻՐ ՆԵՐԿՎԱԾ ՁՎԵՐ նվիրելը միմյանց Զատկի տոնի սովորույթներից է: Համաձայն ավանդության' Մարիամ Մագթաղենացին, Հռոմում ներկայանալով Տիբերիոս կայսերը (14-37թթ.) և վկայելով իր քրիստոնեական հավատը, վերջինիս կարմիր ներկած ձու է նվիրում ' ասելով.«Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը, իսկ կարմիր գույնը' Քրիստոսի կենդանարար արյունը:

 


Քրիստոսի խաչելությունը համընկավ գարնանային գիշերահավասարի, իսկ Հարությունը' հրեական զատկի լուսնի լրման հետ: Քրիստոնեության սկզբնական շրջանում Քրիստոսի Հարությունը տոնում էին հրեաների պասեքի տոնի օրը: 325թ. Նիկիայի տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն' Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն' կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում:


«Ակնկալութիւն քրիստոնէից յարութիւն մեռելոց»:
(Տերտուղիանոս)


Ահա այսպիսի վկայություն է տալիս երանելի Տետողիանոսն իր գրվածքներից մեկում, և սա իբրև հիմք ունի աստվածաշնչական հետևյալ ճշմարտությունը, որ է'առանց հարության հավատքի ընդունայն է քրիստոնեական վարդապետությունը և ընդունայն է քրիստոնեությունն ընդհանրապես (Ա Կորնթ. ԺԵ 14-17), որովհետև եթե քրիստոնեության հիմնադիրը' մեր Տերը գերեզմանված մնար և հարություն չառներ, ապա քրիստոնեությունը չեր լինի կենդանի ու կենդանարար հավատք, այլ սոսկ կսահմանափակվեր իբրև բարոյական մի ուղղություն, բարոյական պատգամների մի ամբողջություն, բայս երբեք մարդու առջև չէր բացի հանդերձյալ դռները, անկյալ մարդուն չէր վերանորոի և չէր վերադարձնի կորսված անմահության շնորհը, որն աստվածաստեղծ ադամորդու բնութենական անկապտելի հատկանիշն էր:


Սակայն բանսարկու թշնամու պատրանքով մարդը ոչ միայն խաբվում է, այլ աստվածային շատ ու շատ պարգևների հետ կորցնում նաև իր այդ հատկությունը: Եվ երկինքն ու երկիրն իր անբարբառ լեզվով, որպես վկա տիեզերական այդ ողբերգության, հիրավի, այսպես արձանագրեց մարդկային պատմագրքի առաջին էջում.«Ո’վ մարդ արարած, դու, որ քո Արարչի պատկերն ու նմանությունն ունեիր և թագն ու պսակն էիր արարչագործության, այժմ արդեն հակապատկերն ես քո Արարչի, քանզի երբ դրախտում սայթաքեցիր և գետնին բախվեցիր' կորցրեցիր քո ակնեղենը և զրկվեցիր անմահության գոհարից »:
Սակայն Արարիչը թույլ չտվեց, որ Իր Միածին Որդուն, և Բանն Աստված մաևդեղացավ և Իր մարդեղության տնօրինություններով' քար առ քար վերադարձրեց արարչագործության թագ ու պսակի կորսված գոհարեղենը և նրան վերակերտեց մի այնպիսի շքեղությամբ, որն անպատմելի է ու անճառելի:
Թեպետ մեզանում հրաշափառ հարության խորհուրդը, բայց կցանկայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի, որ եթե քրիստոնյաներիս ակնկալությունը մեռելների հարությունն է, ուրեմն մեռյալները, որ, ավելի ճիշտ, ննջեցյալներ են, անգո չեն, և կամ անզգա վիճակում չեն և ոչ էլ անհաղորդ են մեզ: Նրանք կենդանի են և իբրև հաղթական Եկեղեցու անդամներ մեզ' զինվորյալ Եկեղեցու մարտիկներիս են միացած և մեզ հետ հոգևոր հաղորդակցության մեջ են: Եվ նույնիսկ նրանցից շատերը Տիրոջից իրենց տրված բարեխոսության շնորհ ունեն և հանապազ բարեխոս են մեզ համար, որպեսզի այս կյանքում երբեք ու երբեք չնահանջենք մեր հավատքից' բազմաթիվ փորձությունների պատճառով, այլ, ինչպես իրենք, քաջարի պատերազմ մղենք, մեր հավատքը պահենք և մեր աչքերն ի Տեր փակենք հարության հավատքով, հույսով և ակնկալությամբ:


Սիրելի քույրեր և եղբայրներ, այս կյանքում գրեթե ոչ ոք իր պարտքը լիովին չի կարողանում հատուցել, հետևաբար մեծավ մասամբ տրտմության հովտից դուրս ենք ելնում որպես պարտապաններ: Ահա և մեր ննջեցյալներից շատերը, վստահաբար, մեզանից բաժանվեցին անպատրաստ' իրենց պարտքերը չտվեցին և այս աշխարհից որպես պարտառուներ հեռացան: Եվ բնական է ու արդար, որ նրանց պարտքերի վճարման պարտականությունը փոխանցվեց մեզ' ողջերիս: Ուստի մեր Առաքելական և Սուրբ Եկեղեցին իբրև հավատքի վարդապետության ճշմարտությունհամարում, ընդունում և դավանում է վասն ննջեցյալների կատարվող աղոթքը խիստ օգտակար է ոչ միայն ողջերի համար, այլև ննջեցյալների:


Այս պահիս ցանկանում ենք հիշատակել այդ վկայություններից սոսկ մեկը' արձանագրված Մակաբայեցիների երկրորդ գրքի մեջ: Այստեղ ասվում է, որ Հուդա Մակաբայեցին «…չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն կատարված մեղքերի համար: Դա խիստ իմաստուն քալյ եր, որովհետվ ինչ որ անում էր, մեռելների հարության մասին մտահոգվելով էր անում: Եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը»(Բ Մակաբ. ԺԲ 43-44):


Հետևապես, սիրելի հավատացյալներ, մենք, որ հավատում ենք մեր Տիրոջ' Հիսուս Քրիստոսիհրաշափառ հարությանը և նաև քրիստոսականների' մեզանից յուրաքանչյուրի հարությանը, չպիտի դադարենք ոչ միայն մեզ համար աղոթելուց, ոչ միայն մեր անձերի համարողորմության գործեր անցնելուց, այլև նույնը պիտի կատարենք հանուն մեր ննջեցյալ հարազատների, որովհետև նրանք իրենց ժամանակավոր կայաններում, բաժանված իրենց մարմիններից, հոգով սպասում են, թե իրենց կենսունակ հարազատները, ողջ այրունակից ներն ու մտերիմներն ի’նչ բարիք պիտի գործեն իրենց համար:


Վստահ եղեք, սիրելիներ, որ մեր կատարած յուրաքանչյուր աղոթք, յուրաքանչյուր բարի գործ աննպատակ ու անպատասխան չի մնալու: Այո, ճշմարիտ է, որ մենք չգիտենք, մեր ննջեցյալները մեր աղոթքներով Արքայությունը կժառանգե±ն, թե' ոչ, քանզի դրա իմացումը մեզ տված չէ: Բայց մենք տեղյակ ենք Աստվածաշունչ մատյանից և գիտենք մեր Ամեբասեր Աստծո վերաբերմունքի մասին, որ Տերն արտահայտեց Իր սիրելի ծառա Աբրահամին' ասելով, որ մեղսալից քաղաքները չի կործանի, եթե այնտեղ լոկ տասը արդարներ գտնվեն (հննտ. Ծննդ.ԺԸ 32): Ահավասիկ սուրբգրային այս վկայությունը մեզ համար սքանչելի երաշխիք է' հավատքով աղոթք խնկարկելու և բարեգործելու վասն մեր ննջեցելոց, որոնք, անշուշտ, կունենան արդարության գեթ տասը գործ, որի համար Անչառ Դատավորի ողորմությանն ու բարեգթությանն ու բարեգթությանը կարժանանան:


Արդ, այս համոզմունքով և այս հավատքով' եկեք մեկ սիրտ, մեկ հոգի և մեկ շունչ դարձած աղոթենք մեր երկնավոր Հորը, որ ընդունելի անի մեր հանապազօրյա պատերազմները և քաղցր հայացքով նայի մեր ննջեցյալների հոգիներին, այցելի նրանց ու Երկնի անանց արքայության արժանացնի:


Իսկ մեզ, որ տակավին պատերազմի մեջ ենք, թող Տերը խաղաղություն շնորհի, իմաստություն պարևի, որպեսզի ճանաչելով ճշմարտությունը' հետամուտ լինենք դրան, և մերք էլ մեր հերթին արժանի լինենք Տիրոջ Արքայությանը:


ՙՇնորհք, սէր և խաղաղութիւն յուրացեալ Փրկչին մերոյ եղիցին ընդ մեզ ամենեսեան. ամէն՚:

 

 

Կազմեց' Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը
Գեղարքունյաց թեմի Սևանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ