ՄԻՐ ԱԲԱՍ ՋԱՖԱՐ ՕՂԼԻ ԲԱՂԻՐՈՎ

1933թ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Մ. Ջ. Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Նախկին մուսվաթականը սերտ հարաբերություներ ուներ նաեւ Ա. Միկոյանի հետ: Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում, իրեն անվանում էր «ադրբեջանական ժողովրդի հայր»: Նա հաճախ հայտարարում էր, թե Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է: Բաղիրովին անվանում էին տեղական «Ստալին»։ Նրա կառավարման շրջանում բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց 70-120 հազար մարդ:

 

 

Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին' Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու համար (1945թ. նոյեմբերի 11), Բաղիրովը, նույն թվին, որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»:

Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:

 

 

 

_ Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,_ հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը:
_ Այո՛,_ անվրդով պատասխանում է Բաղիրովը,_ ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:
_ Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր եւ Ստալինի տրամադրությունները,_ հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
_ Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,_ պատասխանում է Բաղիրովը:

Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Մայիսի 26-ին, Բաքվում, դատավճիռն ի կատար ածվեց:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ