Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ անձնակազմի մի խումբ անդամներ պատժի են ենթարկվել, իսկ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նախօրեին հայտնել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:


Հարկ է նկատել, որ ռուսական զինվորական ղեկավարության կողմից ձեռնարկված այս կադրային քաղաքականությունը, թերևս միակ ադեկվատ գործողություններ էր որը տեղի ունեցավ Գյումրու ոճրագործության շրջանակներում, քանի որ ցանկացած առիթ օգտագործվում էր շրջանցելու ռազմաբազայի ներսում տիրող բարձիթողությունները:


Ընդ որում' եթե անդրադառնանք Պերմյակովի կողմից բազան լքելու դեպքերի մանրամասնություններին, ակնհայտ է դառնում, որ կարգապահության հետ կապված ամենամեծ պատասխանատուն հենց ռազմակայանի հրամանատարն է, և հենց նա պետք է լիներ թիվ մեկ պատասխանատվության ենթարկվողը:
ՌԴ զինված ուժերի այս քայլից պարզորոշվում է մի բան' եթե Ռուզինսկուն պաշտոնանկ են արել, նշանակում է նաև, որ է ավարտվել ներքին ծառայողական քննությունը, և պատասխանատվության հիմնական բաժինը դրվել է հրամանատարի վրա:


Ի դեպ, ռազամբազայի հրամանատարն այն եզակի ռուս զինվորականներից էր, ով ռուսական ՌԴ բանակի պաշտոնաթերթ համարվող «Կրասնայա զվեզդա» թերթի հետ հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում, ռուսական զինուժը' համապատասխան համաձայնագրի հիման վրա, կներգրավվի ռազմական գործողություններին:

 

 

Արմեն Հովասափյան