Այս գաղտնի համաձայնագիրը կնքվել է 1916-ին՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսն ու ֆրանսիացի ժորժ Պիկոն (այս տեղից էլ համաձայնագրի Սայքս-Պիկո անվանումը)։ Ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում՝ 1916-ի մայիսի 16-ին։

Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915-ին, անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ, Անգլիան ու Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլսի ու նեղուցների դիմաց, պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Արաբական երկրների բաժանման շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու նպատակով՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան 1915-ի նոյեմբերին սկսեցին նոր բանակցություններ։ Երբ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց Էրզրումն ու Բիթլիսը եւ մոտեցավ Միջագետքի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց կայացրած համաձայնության մասին տեղյակ պահել Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովին։ Վերջինս դժգոհում է, որ նախագծով Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք են բերում զգալի օսմանյան տարածքներ, թեեւ ռուսների համար առաջնահերթը Պոլսի ու նեղուցների ռազմակալման հարցն էր։

 

 

«Հայաստան» ու «Հայկական հարց» տերմինները բացակայում էին փաստաթղթերում։ Հետաքրքիր է այն փաստը, որ թեեւ անգլո-ֆրանսիական կողմը ճանաչում էր Արեւմտյան Հայաստանի անցումը Ռուսաստանին, սակայն բրիտանական կառավարության լիազոր Մարկ Սայքսը Ռուսաստանում իրենց երկրի դեսպան Ջ․ Բյուքենենին հղած գրության մեջ (1916, մարտի 12) անհնար էր նկատում ոչ միայն Հայաստան պետության ստեղծումը, այլեւ հայկական վիլայեթների հանձնումը Ռուսաստանին։

Եռակողմ քննարկումներից հետո, 1916-ի մարտի 9-ին, դաշնակիցները ստացան Ռուսաստանի համաձայնությունը Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ՝ հավաստելով ռուսների իրավունքները Կ․ Պոլսի ու նեղուցների, ինչպես նաեւ Արեւմտահայաստանի մեծագույն մասի՝ Էրզրումի, Տրապիզոնի, Բիթլիսի, Վանի (ներառյալ Հաքյարի շրջանը) նկատմամբ (Դեղին գոտի)։ Կիլիկիան, Փոքր Հայքն ու արաբական տարածքները ենթակա էին անգլո (Կարմիր գոտի) -ֆրանսիական (Կապույտ գոտի) բաժանման։ «A» ու «B» գոտիները նույնպես ճանաչվեցին համապատասխանաբար Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ազդեցության ոլորտներ։ Ամիսներ անց Օսմանյան քարտեզի վրա ի հայտ եկան Կանաչ (հարավ-արեւմտյան Անատոլիա) ու «C» (Անատոլիայի կենտրոնական մասը) գոտիները, որոնք բաժին էին ընկնելու Գերմանիային լքած ու դաշնակիցներին միացած Իտալիային։

 

Դաշնակիցները Օսմանյան կայսրության բաժանման մասին ամենայն վճռականությամբ հայտարարեցին 1917-ի հունվարի 10-ին։ Արեւմուտքի առաջնորդները Օսմանյան կայսրության կազմաքանդման մասին ավելի հստակ ու բացահայտ սկսեցին խոսել ցարիզմի տապալումից հետո (1917թ․ փետրվարի 27 ): Օսմանյան տերությունը կորցրել էր Ռուսաստանի՝ դեպի Առաջավոր Ասիա եւ «Տաք ջրեր» իջնելու դեմ ռազմավարական պատնեշի գործառույթը: Վիլսոնն ու Լլոյդ Ջորջը նկատեցին, որ «ցարիզմի խորտակումը արմատից փոխեց արեւելյան կնճիռը։ Ռուսական վտանգը վերացավ»: Հետեւաբար, թրքական տերությունն այլեւս որեւէ մեկին պետք չէր, այն ենթակա էր ոչնչացման:

 

Համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ 1917-ի նոյեմբերի վերջին, երբ խորհրդային կառավարությունը հրապարակեց դրա տեքստը եւ չեղյալ համարեց այն։ Միաժամանակ բոլշեւիկները սկսեցին իրենց զորքերը դուրս բերել Արեւմտյան Հայաստանից։ Ստեղծված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվեց հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ դրվեց հետագա համաձայնությունների հիմքում։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ