Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուշագրավ են և մոտ ապագայում կարող են առաջ բերել նոր զարգացումներ:
Ներքաղաքական դաշտի վերադասավորություններն առաջին հերթին կապված են ԲՀԿ-ի քաղաքական դերակատարման փոփոխության հետ: Փաստացի կորցնելով նախկին կշիռն ու գործառույթները, ԲՀԿ-ն ազատ տարածություն է ստեղծել ընդդիմադիր որոշ ուժերի համար, որոնք փորձեր են կատարում հաստատելու իրենց տեղն այդ գործընթացներում: Եթե հետադարձ հայացք նետենք ոչ վաղ անցյալում ակտիվորեն հանդես եկող ոչ իշխանական քառյակի, այնուհետև՝ եռյակի գործունեությանն ու այսօրվա իրավիճակին, այդ ուժերի գործունեության մեջ զգալի պասսիվություն կնկատենք:

 


ԲՀԿ-ն այսօր փորձում է որոշակիորեն հստակեցնել իր՝ արդեն որպես ընդդիմադիր քաղաքական ուժի կարգավիճակն ու վերակազմավորել սեփական թիմը, քանի որ այդ կառույցից բավականին լուրջ դերակատարում ունեցող քաղաքական գործիչների հեռացումը փաստացի “կազմալուծել է” կուսակցությունը: Այս գործընթացի համար դեռևս բավականին ժամանակ և ջանքեր կպահանջվեն:
ՀԱԿ-ը մարտի 1-ի հանրահավաքից հետո փաստացի “թայմ-աութ” է վերցրել և ակտիվ քաղաքական գործողությունների սկզբունքով չի առաջնորդվում: Թեպետ ՀԱԿ պատգամավորները փորձում են ԱԺ-ում որոշակի ակտիվություն դրսևորել, սակայն նկատելի է, որ այդ քաղաքական ուժը ցանկանում է չշտապել և վերագնահատել իր գործունեության ռազմավարությունը: Թերևս միակ հարցը, որն առավել չափով ընդգրկված է ՀԱԿ օրակարգում, վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին: Եվ այս գործընթացի համատեքստում, կարծում ենք, ՀԱԿ-ի կողմից առավել ակտիվ գործողություններ կլինեն ապագայում:

 


ՀՅԴ-ն, ի տարբերություն ընդդիմադիր տարբեր ուժերի, կողմ է Սահմանադրական բարեփոխումներին: Եվ այս տեսանկյունից կարող ենք նկատել, որ ՀՅԴ գործունեությունն այս պահին կարծես թե էականորեն չի հակադրվում ՀՀԿ-ին, և նրանց հետագա համագործակցությունը հնարավոր է և՛ կոալիցիայի, և՛ ուղղակի Սահմանադրական բարեփոխումների ծրագրի համատեղ իրականացման տեսքով:
Ժառանգության հետ կապված վերջին իրադարձությունները փաստեցին, որ այդ քաղաքական կառույցում կան որոշակի սկզբունքային տարաձայնություններ, որոնք խոչընդոտում են կուսակցության ինքնադրսևորմանը: Եվ այդ հակասությունները վերաբերում են առաջին հերթին այս օրերին ամենալայն քննարկումների արժանացած Սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Եվ Ժառանգությունն այսօր անկասկած ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման խնդիր ունի, առանց որի չի կարողանա լիարժեքորեն ներգրավվել ներքաղաքական գործընթացների մեջ:

 


Ընդդիմադիր դաշտում փորձում է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել Հիմնադիր խորհրդարանը, որը հանդես է գալիս ապրիլի 24-ից հետո իշխանափոխության ծրագրով: Սակայն վերջինիս որդեգրած մարտավարությունը երբեմն տարակուսանքի տեղիք է տալիս և միանշանակ չի ընկալվում հանրության կողմից: Կարծում եմ, որ Հիմնադիր խորհրդարանը պետք է վերանայի սեփական ռազմավարությունը և հանդես գա ավելի իրատեսական առաջարկներով, այլապես նման գործելաոճով լայն զանգվածների ներգրավման հավանականությունը շատ ցածր է:
Ներքաղաքական դաշտում նոր հավակնություններով է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանն իր “Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնությամբ, որը նպատակ ունի մոտ ապագայում վերաձևակերպվել որպես կուսակցություն: Նման հայտ է ներկայացրել նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր նորաստեղծ “Քաղաքացիական շտաբ”-ի հիմնադրմամբ: Թե քաղաքական դաշտի այս «սերնդափոխությունն» իր հետ ինչ նոր մոտեցումներ և զարգացումներ կբերի, պարզ կդառնա մոտ ապագայում:

 


Ոչ իշխանական քաղաքական ուժերի գործունեության այս համատեքստում ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել Սահմանադրական բարեփոխումների ծրագիրի իրականացմանը: Եվ սա գործող իշխանության համար այս փուլում ներքաղաքական կարևորագույն հարցն է:
Այսպիսով, վերլուծելով ներկա իրավիճակը, կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում՝ մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցը, քաղաքական ուժերը կշարունակեն ներկայիս որդեգրած քաղաքականությունը, և ավելի ակտիվ գործողությունների չեն դիմի: Նորաստեղծ քաղաքական ուժերի (“Քաղաքացիական պայմանագիր”, “Քաղաքացիական շտաբ”) և Հիմնադիր խորհրդարանի գործունեությունն ուղղված կլինի հնարավորինս լայն զանգվածների ներգրավվմանը: ՀԱԿ-ը հայտարարած դադարից հետո կշարունակի հիմնականում Սահմանադրական բարեփոխումների դեմ քաղաքական գործընթացը: ՀՅԴ-ն ավելի կակտիվացնի իր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Ժառանգությունը, հստակություն մտցնելով կուսակցության ներսում առկա տարաձայնություններում, հանդես կգա Սահմանադրական բարեփոխումների դեմ ավելի հստակ դիրքորոշմամբ:

 

 

 

 

Էրիկ Մելիքյան