Երեկ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ վարչապետների ակումբի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ երրորդ հանրապետության որոշ վարչապետներ' Հովիկ Աբրահամյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Խոսրով Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում, ինչպես նախօրոք արդեն նշվել էր, հիմնականում քննարկվել են տնտեսությանն առնչվող մի շարք հարցեր: Սակայն, հաշվի առնելով քաղաքական զարգացումներն ու Սահմանադրական փոփոխությունների շուրջ առաջացած հակասական կարծիքները, անդրադարձ է կատարվել նաև այդ թեմային:

 


Լրագրողների հետ զրույցում, Հրանտ Բագրատյանը չցանկանալով խոսել տնտեսության հետագա զարգացման մասին, միայն նշեց, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ինֆորմացիայի փոխանակություն, որի ընթացքում էլ պարզ դարձավ թե որն է իրենց հիմնական խնդիրը:
Հարկ է նկատել, որ ներկա գտնված վարչապետներից յուրաքանչյուրը, սկսած 90-ականներից, ստանձնելով գործադիրի ղեկավարի պաշտոնն ու տիրապետելով քաղաքական դաշտի նրբություններին' կարող է իր լուման ունենալ ինչպես մի շարք տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ կառավարության' այլ նախագծերի մշակման հարցերում:

 

 


Հանդիպումից հետո նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ սա շատ կարևոր է այն առումով, որ մեր իրականության մեջ նախկինները կարծեք թե մոռացվում են, այնինչ նրանց փորձն ու հմտությունները, որոշումներ կայացնելու ունակությունները կարող են օգտակար լինել: Հարությունյանի խոսքերով, այս հարթակը կարող է դառնալ շատ կարևոր խորհրդատվական առաքելություն իրականացնող հարթակ ինչպես գործող վարչապետի, այնպես էլ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար:
Թե որքա՞ն արդյունավետ կլինի այս նախաձեռնությունը ու թե ի՞նչ ընթացք կստանան հետագա իրադարձությունները դժվար է ասել: Հուսանք, որ այս և դեռ սպասվելիք հանդիպումների արդյունքները մոտ ապագայում շոշափելի կլինեն:

 

 

Անահիտ Գրիգորյան