ՀՀԿ-ական օլիգարխներին' հարկային պատասխանատվության չենթարկելու հարցը, գրեթե բոլոր ընդիմադիր կառույցների քաղաքական օրակարգերից չի բացակայել բոլոր ժամանակներում:


Բայց ի զարմանս շատերի, տուգանքների գործընթացին բավականին «հետաքրքիր» ձևով է արձագանքում ՀԱԿ խմբակցության պատգամավորական անձնակազմը: Մասնավորապես այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով, ՀՀԿ գործարարների մոտ անցկացվող հարկային ստուգումներին, ասել է. «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում, պատժում են»:


Տեսեք, թե ովքեր են, ըստ Մանուկյանի, «փոքր ձկները». Աշոտ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) և թունելի Հակոբը: Հիմա հարց է առաջանում, եթե խոշոր օլիգարխիայի այս ներկայացուցիչները փոքրերն են, այդ դեպքում ովքե՞ր են «խոշորները»:


Ինչ որ տեղ ՀԱԿ պատգամավորն իրավացի է: «Խոշոր ձկները» նրանք են, ովքեր իրենց իշխանության տարիներին ավելի մեծ մասշտաբներով են կերել ու թալանել «կերակրաամանը», բայց մինչ օրս չեն ենթարկվել պատասխանատվության: Այո, «խոշոր ձկները» նման համակարգի հիմնադիրներն ու ստեղծողներն են:


Հետևաբար պատգամավորի մեկնաբանությունը պետք է ընդունել, որպես ինքնախոստովանություն և եթե դա այդպես է, ապա Լևոն Տեր Պետրոսյանը պետք է ենթարկվի պատասխանատվության, որպես «ձկնաբուծարանի», իսկ ավելի կոնկրետ «խոշոր ձկների» ինդուստրիայի հիմնադիր-նախագահ:

 

 

Տիգրանուհի Դավթյան