... Մեր զորամասը հասավ Շաքարյազ ճակատի առաջին գիծը: Չարխչյան Արսենը կարգադրեց զինվորներին խրամատներ փորել, իսկ ինքը, նրա տեղակալ Բալաքների Միհրանը և ես ձիերից իջանք մի կանաչ արտում: Արսենն ասաց, որ իմ ու Միհրանի ձիերը կապենք, բարձրանանք դիրքերը: Կատարեցինք Արսենի կարգադրությունը: Երեքով ձիերի մոտից մի քսան քայլ հեռացանք: Ես սաբր բերեցի և բնազդաբար Արսենին ու Միհրանին ասացի, որ իմ սաբրը օղուր չի բերում: Մեզանից մեկը այսօր սպանվելու է: Արսենն ու Միհրանը առաջարկեցին ինձ վերադառնալ ձիերի մոտ: Ես հրաժարվեցի ու պնդեցի' չէ որ չէ, ես ձեզ հետ պետք է լինեմ:
Արսենն ասաց. «Այ տղա, ձեր տնեցիներից մեծերին կոտորել են, մենակ դու ես մնացել: Եթե քեզ մի բան պատահի, ձեր օջախի ճրագը կմարի և երկրորդ, քո մորը պատասխան չենք կարող տալ»: Միաժամանակ ավելացրեց. «Քեռին քեզ ղուրբան, դու ձիերի մոտ գնա: Հենց որ ես փափախով կանեմ, դու իմ ձին հասցրու, ես նրանց հախից կգամ»: Այսպիսով, ես վերադարձա ձիերի մոտ:

 


Չնայած գտնվում էի ձիերի մոտ, բայց հետևում էի կռվի իրադարձություններին: Մի կես ժամ համառ մարտեր էին տեղի ունենում հայերի ու թուրքերի միջև: Նրանց արանքում մի ձոր կար: Արսենը մենակ ձորի այս կողմից անցավ մյուս կողմը և բարձրացավ թուրքերի խրամատների տակ, իսկ իր զորամասի տղաներին կարգադրեց չհետևել իրեն, իրենց խրամատներից կրակի տակ վերցնել թուրքերի դիրքերը:
Մյուս խրամատներից այդ ուղղությամբ կռվում էին Կոթուր գյուղացի Մովսեսի, Խառակոնիս գյուղի Խաչոյի, սալմաստցի Ջըբոյի և բողազքասանցի Ավագի ջոկերը: Արսենը, դիրքավորվելով թուրքերի խրամատների տակ, ձեռքի գնդացիրով կռվում էր: Երբ գնդացիրը պարպվեց, հեռադիտակով ուզեց դիտել, թե գնդակները նպատակին ծառայում են, թե ոչ: Թուրքերը նշանացույց ունեին հեռադիտակի փայլը: Կրակեցին, Արսենը ընկավ գետին, շունչը փչեց:
Սպանվեցին հերոսներ Չարխչյան Արսենը, Մովսեսը, Խաչոն, Ջբոն և ուրիշներ: Այդ ծանր կորուստը հաշվի առնելով' հրամանատարության կողմից կարգադրվեց թնդանոթաձիգ աղջկան խփել թուրքերի այն խրամատին, որտեղից խփեցին մեր հերոսներին: Թնդանոթի գնդակը մեր վրայից սուլելով' խփեց ճիշտ նպատակակետին: Նույն խրամատի թուրք զինվորները բոլորը ոչնչացան...

 

 

 

Հովիկ Չարխչյան