«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը խոսում է ժողովրդական շարժումից: Անհասկանալի է, թե ովքեր են կազմում այդ «ժողովուրդ» ասածը: Աշխարհասփյուռ բոլոր հայե՞րը, թե՞ միայն Հայաստանի բնակչությունը, կամ, մի գուցե, Հայաստանի քաղաքացինե՞րը, թե՞ լոկ նրանք, ովքեր կիսում են «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարները: Օրինակ, դու, ընթերցող, գիտե՞ս արդյոք, քեզ էլ նկատի ունի «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալը, երբ ասում է՝ ժողովուրդ, թե՞ ոչ: Ես չգիտեմ:


2. Քաղաքացիական անհնազանդության առաջին քայլերն, ըստ Վ.Ավետիսյանի, վարորդների կողմից տուգանքների չվճարումն է և բանկային տոկոսների չմարումը: Սակայն եթե ՀՀ քաղաքացին բանկի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի բանկը նրան տրամադրել է գումար, քաղաքացին էլ նշված ժամկետում պետք է վերադարձնի, ապա չվճարելու մեջ քաղաքացիական ի՞նչ անհնազանդություն կա: Դա սովորական պայմանագրի չկատարում է, որի համար սահմանված է լրացուցիչ տուգանք, և այլ բաներ: «Հիմնադիր խորհրդարանն» ի՞նչ է անելու, գալու է մարդու սեփականությունը գրկի տանի, որ բանկը չվերցնի իրե՞ն չմուծելու դեպքում: Ծիծաղելի է:


3. «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանն ասում է, որ ապրիլի 24-ին, նախևառաջ, պետք է ժողովուրդը հավաքվի: Էլի՞ ժողովուրդը, նորի՞ց ժողովուրդը... իսկ դուք ինչի՞ համար եք, եթե ամեն ինչ կրկին պետք է անի ժողովուրդը: Եթե ուզում եք «խաղաղ հեղափոխություն» անել, գնացեք արեք, ժողովուրդն ի՞նչ կապ ունի դրա հետ:


4. Ասում է՝ «պետք է ապրիլի 24-ին փողոց դուրս գան և միասնաբար որոշեն անելիքները»: Եղբայր, եթե ժողովուրդն է, որ պետք է դուրս գա փողոց, եթե ժողովուրդն է, որ պետք է որոշի ու եթե կրկին ժողովուրդը պետք է անի, ապա դու ինչի՞ համար ես, դու այդ շարժման մեջ ո՞վ ես:


Հենց լսում եմ «ժողովուրդը պետք է» արտահայտությունը, հասկանում եմ, որ խոսողը չի պատկերացնում, թե ինչ է ասում, և նրա ասածը մաքսիմում կենաց է, բայց ոչ քաղաքական ելույթ:


5. Ասում է՝ շատ բաներ կախված են տվյալ պահին մարդկանց ցանկություններից, մղումներից... Տվյալ պահին ասածը, հիշեցնեմ, ապրիլի 24-ն է: Ես հասկացա, որ դուք պատրաստվում եք ապրիլի 24-ին ընդամենը, հայավարի ասած, «համը հանեք»:


Դուք խոսում եք ինստիտուտներից՝ սահմանադրություն, իշխանություն, մինչդեռ Հայաստանում պրոբլեմների հիմքը ինստիտուտները չեն: Դրանք նույն ինստիտուտներն են, որ գործում են ամբողջ աշխարհում: Խնդիրն այդ ինստիտուտներն աշխատացնող մարդկանց մեջ է, որոնց հեռացնելու մասին ելույթում ոչինչ չասվեց:


Պատկերացրեք, որ ֆուտբոլային երկու թիմ է պայքարում, մեկն իշխանությունն է, մյուսը՝ ընդդիմությունը, և դատավորը խաղում է իշխանական թմի կողմից: Հիմա դուք, փոխարենը պայքարեք կոնկրետ դատավորի դեմ, պայքարում եք խաղի կանոնների դեմ: Մինչդեռ դրանց այդպիսի լինելը կախված է դատավորից:

 

 

Մովսես Դեմիրճյան