Ինձ թվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը կատաղած կգա ու հանրահավաք կանի: Քանի ուրբաթ անցավ, ժողովրդի աչքը ջուր կտրեց, հուսալքված ու անտեր սպասելիս…


Րաֆֆիի այցելությունների գրաֆիկից պարզ դարձավ, որ ավելի բազմազբաղ է, քան Պուտինն ու Օբաման:
Ի՞նչ անենք բա…Դեմը «գյոզալ» ուրբաթ օր կա, ահագին ժամանակ է հանրահավաք չի արվել, ժողովուրդը կարոտել է, կարոտից չորացել…Հակառակի պես եղանակն էլ չքնաղ ու աննման, իսկը հանրահավաքային:


Չբռնե՞մ ես հանրահավաք անեմ, մեկա քաղաքական կյանքն ամլացած, վակուումային վիճակում է: Ինչպես նրանք' ինձ հայտարարեմ համազգային, չէ շատ կլինի' համաժողովրդական Նոր շարժման ղեկավար: Մի քանի կատաղած, թունոտ հայտարարություններ, առաջարկներ կանեմ, շարժման նշանաբանը կլինի. «100-ամյակն առանց Ժիրոյի, Չունգա-Չանգա-սզյանի, խզմարիկների»: Ցեղասպանության ուղերձից չեմ խոսա, որ 1-ին նախագահը չնեղանա, թունդ կքննադատեմ' հանքավայրերի թալանից կխոսեմ, արագաչափերից, կուտակայինից, կոռուպցիայից ու արտագաղթից պարտադիր: Իհարկե կիսահայհոյախառն ու մի քանի «հավաստի» վիճակագրական տվյալներով համեմված, մեկ է թվերը ինչպես ուզես կարաս մեկնաբանես:


Լավ էլ կստացվի…Հանդիպման վայրը նույնն է' Թատերական հրապարակ, հանրահավաքը կանցկացնի Նոր համաժողովրդական շարժում կազմակերպությունը…ՆՀՇ, երբեք չշփոթել ՀՀՇ-ի հետ…


Նիկոլ ջան չնեղանաս «գործիդ» խփեցի…Էլ ինչ ինստիտուտուցիոնալ, մինչև ասում ես այդ բառը լեզուդ ջարդվում է, հետո որոշեցի քեզանից առաջ անցնեմ: Սուրբ տեղը դատարկ չի մնում…

 

 

Ռոբերտ Մելքոնյան