Սասունում, հատկապես տոնախմբությունների ու ուխտագնացությունների ժամանակ, աղջիկները նմանվում էին աստվածուհիների․ իրենց վարսերը քառասուն ծամ հյուսում էին, գլուխները զարդարում սարերի անթառամ ծաղիկներից հյուսած պսակներով, այնպես էին զուգվում-զարդարվում, որ ծռեցնում՝ այսինքն խելքահան էին անում տղաներին։ Զարդ ու պճնանքից ավելի տղաներին գրավում էր նրանց ամոթխածությունն ու համեստությունը։ «ԽՊՆՈՂ (ամոթից կարմրող) ԱՂՋԻԿ ՆԱՄՈՒՍՈՎ Է», - ասում էին լեռնականները, թեեւ միմյանց հրաշալի ճանաչում էին եւ յոթը պորտ գիտեին միմյանց ազգուտակը։ Եթե աղջիկը մինչեւ 20 տարին լրանալը չէր ամուսնանում, համարվում էր «պառաված» եւ նրան շատ անգամ վիճակված էր ամուսնանալ այրի մարդու հետ։

 

 

Աղջիկների խելքն առնելու համար տղաներն աշխատում էին իրենց ուժն ու քաջությունը ցույց տալ «գուլաշի» (մենամարտ), ուժ ու ճարպկություն պահանջող խաղերի, անվրեպ նետաձգության ու հրացանաձգության, ինչպես նաեւ պատերազմների ժամանակ։ Սիրահարվելու դեպքում թե՛ տղան, թե՛ աղջիկը ամոթխածորեն իրենց մայրերին հայտնում էին սրտի գաղտնիքները, իսկ մայրերը տեղեկացնում էին իրենց ամուսիններին։ Եթե ծնողները համաձայնություն չտային՝ ամուսնություն չէր կարող լինել։ Ընդհուպ մինչեւ 19-րդ դարի վերջը ամուսնությունը կատարվում էր հիմնականում ծնողների ցանկությամբ ու կամքով։ Թեեւ ընդունված էր, որ տղայի ծնողներն «աղջիկ ուզելու» առաջարկ անեն, բայց պատահում էր նաեւ, որ աղջկա ծնողներն էին նախապես խոսք բացում իրենց աղջկան՝ իրենց հավանած տղային տալու ցանկության մասին։ Հանդիպում էին նաեւ աղջիկ առեւանգելու դեպքեր, բայց ոչ միշտ էին դրանք ավարտվում խաղաղ դաշն կնքելով։ Հաճախ, նման դեպքերի արդյունքում, տների ու նույնիսկ գյուղերի միջեւ թշնամություն էր առաջանում։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ